Եվգենի Կիսինը հայաստանյան համերգին հանդես է գալիս նոր ծրագրով
Մշակույթ
09:19 28/09/2021
Հայաստան

Եվգենի Կիսինը հայաստանյան համերգին հանդես է գալիս նոր ծրագրով

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ  փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվգենի Կիսինն ամեն անգամ հանդես է գալիս նոր ծրագրով։ Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե մինոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Ադաջիո սի մինոր, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 31, Ֆրեդերիկ Շոպեն՝ 7 մազուրկա և Անդանտե սպիանատո և մեծ փայլուն պոլոնեզ, մի բեմոլ մաժոր։ Այս ծրագրով դաշնակահարը ելույթ է ունենալու իր 2021-2022 թթ․ մենահամերգներին։

Համերգը կայանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

Եվգենի Կիսինը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել նույն փառատոնի շրջանակում՝ 2017 թվականին:

Այս տարի փառատոնի շրջանակներում սպասվում է գերմանացի աշխարհահռչակ ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերի այցը Հայաստան, իսկ արդեն 2022 թ. մայիսին Հայաստանը կհյուընկալի Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի հոբելյանական՝ 70 գագաթաժողովը, որի շրջանակներում Հայաստան կժամանեն բազմաթիվ հյուրեր, ելույթ կունենան մեծանուն երաժիշտներ։

 

Placeholder