Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին
Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 26-րդ միջազգային թատերական փառատոնին։ Այս մասին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, կներկայացվի սեպտեմբերի 29-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում և սեպտմբերի 30-ին Ալավերդու մշակույթի տանը:
Ներկայացման դերակատարներն են Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։ Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի։
«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։
«Թատերական Լոռի» 26-րդ փառատոնին մասնակցում են ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, թատերախմբեր Թբիլիսիից և Եգիպտոսից
Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ. կներկայացվեն դրամատիկ կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ՝ այս կերպ թատերատոնին հաղորդելով առավել մեծ մասսայականություն:


