Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են մինչև ամառ երկարաձգել սանիտարական անցաթղթերի օգտագործումը
Ֆրանսիայի կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մինչև ամառ պահպանել սանիտարական անցաթղթերի օգտագործումը որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է Ֆրանսիայի կառավարության մշտական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Մենք ցանկանում ենք խորհրդարանին առաջարկել թողնել այդ միջոցների օգտագործումը ևս մի քանի ամիս՝ մինչև ամառ»,-ասել է նա: Ատալը հիշրել է, որ միջոցներն իշխանությունների կողմից ներդրվել են ֆրանսիացիներին պաշտպանելու համար: Նա մատնանշել է, որ երկրում սանիտարական վիճակը բարելավվում է նաև պատվաստումների և սանիտարական անցաթղթերի օգտագործման շնորհիվ:
«Մենք լավատես լինելու պատճառներ ունենք, բայց պետք է զգույշ լինել»,-շեշտել է նա:
Ատալը պարզաբանել է, որ խոսքը նման հնարավորության պահպանման մասին է, այլ ոչ թե պարտադիր օգտագործման:
Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերը տրվում են ամբողջական պատվաստման վկայականի, ՊՇՌ թեստի արդյունքի կամ հիվանդությունից հետո իմունային բավարար մակարդակը հաստատող վկայականի հիման վրա: Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցառումների մասին գործող օրենքը ենթադրում է սանիտարական թույլտվությունների կիրառում միայն մինչև նոյեմբերի 15-ը, որից հետո նոր օրենք է պահանջվում, եթե իշխանությունները ցանկանում են երկարաձգել փաստաթղթի վավերականությունը:
Իշխանությունների վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակի ավելի քան 7 միլիոն դեպք, համաճարակի զոհ է դարձել մոտ 116 հազար մարդ: Ավելի քան 50 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը: