Forbes․ Հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի սպառնալիքները շարունակվում են
Քաղաքական
12:02 29/09/2021
Տարածաշրջան

Forbes․ Հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի սպառնալիքները շարունակվում են

Հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է հոդված՝ արցախյան պատերազմի մեկ տարվա տարելիցի հետ կապված, որը վերնագրված է «Բնիկ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի սպառնալիքները և խախտումները շարունակվում են»։

«Մեկ տարի առաջ այսօր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի ամբողջական ռազմական աջակցությամբ և ավելի քան 1000 թրաֆիքինգի ենթարկված սիրիացի ջիհադիստ վարձկաններով, պատերազմ սկսեց բնիկ հայերի դեմ Արցախում: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հրետանային հրթիռների անխտիր կիրառումը ներառում էր ֆոսֆորային ռումբեր, որոնք այրեցին անտառները՝ առաջացնելով ծանր այրվածքներ զինվորների և խաղաղ բնակիչների շրջանում:

Ի թիվս այլ սարսափելի ռազմական հանցագործությունների, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տեղադրել են տեսանյութեր, որտեղ պարծենում են գլխատված և գերեվարված հայ խաղաղ բնակիչների և զինվորականների խոշտանգումներով»,- ասվում է հոդվածում, նշելով, որ հրադադարը հաստատվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բանակցված հայտարարությամբ և Արցախում տեղակայեց 2000 ռուս խաղաղապահ»,- նշվում է կայքում։

Նշվում է, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացվեց Արցախի բնիկ հայկական հողերի գրեթե երկու երրորդը: Ավելի քան 5.000 սպանված հայ, 110.000 տեղահանված, 10.000 վիրավոր զինվոր և 200 ռազմագերիներ, որոնք անօրինական կալանքի տակ են ադրբեջանական բանտերում և խոշտանգումների են ենթարկվում։

«Մեկ տարի անց ադրբեջանական հարձակումները հայ բնակչության վրա շարունակվում են: Օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորները պղծել են հայկական գերեզմանատները: Ֆրանսիացի լրագրող Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել դիմակավորված զինված ադրբեջանցի զինվորների մասին, որոնք կանգնեցրել են Արցախի հայկական ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ավտոբուսը` դեպի Հայաստան գնալու ճանապարհին, ավտոբուսի վրայից քերել են Արցախի դրոշը, ադրբեջանցիները զննել են պատերազմից տրավմա տարած երեխաների հեռախոսները՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է»,- գրում է կայքը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 23-ին ընդունեց Կարդենաս-Շիֆ-Շերման փոփոխությունը, որով Ադրբեջանից պահանջում է «անհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու ձերբակալված քաղաքացիներին։ Այն նաև կոչ է անում հաշվետվություն ներկայացնել հայ խաղաղ բնակիչների դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունների, անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին, ինչպես նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, որոնք թիրախավորել են հայ խաղաղ բնակիչներին 2020 թվականի պատերազմի ընթացքում:

Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը «վարույթ է հարուցել Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում» ՝ ՄԱԿ -ի գլխավոր դատական մարմինը: Այս տարվա սկզբին Հայաստանը նաև միջպետական բողոքներ ներկայացրեց Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մարդու իրավունքների ոտնահարումներն ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումները լայն տարածում գտան Արցախի վրա հարձակումից հետո: Վարձկաններ և ջիհադականներ տեղակայվեցին Սիրիայից և Լիբիայից՝ Թուրքիայի հրամանատարությամբ: Նրանք պատասխանատու են սարսափելի հանցագործությունների համար, որոնք շարունակվում են՝ չնայած հրադադարի համաձայնությանը: Կոլումբիայի համալսարանի Արցախյան ոճրագործությունների նախագիծը փաստում է իրադարձությունները: Հուսով ենք, որ մեր հավաքած տեղեկատվությունը կարող է օգտագործվել Թուրքիային և նրա համախոհներին պատասխանատվության ենթարկելու խաղաղ բնակիչների, այդ թվում կանանց և երեխաների, ինչպես նաև մշակութային հանցագործությունների համար», - ասում է Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և Մարդու իրավունքների ուսումնասիրման իրավունքների ինստիտուտի տնօրենը։

Ասվում է, որ մինչ Ադրբեջանը մերժում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքը, անցյալ տարվա պատերազմը կրկնեց 1918 թվականի սեպտեմբերի օրերի և Նախիջևանում և Արցախում գրեթե 15,000 հայերի համակարգված բնաջնջման մասին: Ինչպես իրենց եղբայրների՝ օսմանյան թուրքերի կողմից 1915 թ. 1,5 միլիոն հայերի ցեղասպանության ժամանակ հայկական ունեցվածքի և տեսարժան վայրերի օկուպացիան, Ադրբեջանը շարունակում է պղծել Արցախի եկեղեցիները, հին գերեզմանատները, սրբազան տաճարները և պատմական վայրերը, որոնք թվագրվում են հազարամյակով:

Վկայակոչելով Կովկասյան ժառանգության դիտորդի (CHW) վերջին զեկույցը՝ Հակիմ Բիշարան Hyperallergic-ում հայտնում է, թե ինչպես է «ավելի քան մեկ տասնյակ հայկական եկեղեցիներ, գերեզմանատներ, սուրբ խաչքարեր և այլ մշակութային արժեքներ կամ ոչնչացվել, կամ վնասվել Ադրբեջանի կողմից»:

Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամայել է հանել միջնադարյան հայերեն արձանագրությունները եկեղեցիներից՝ դրանք անվանելով «կեղծ» և վերանվանելով դրանք որպես «հին ադրբեջանական» տեսարժան վայրեր:

Սարա Փիքմանի և Սիմոն Մաղաքյանի կողմից 2019 թվականի զեկույցը «Hyperallergic»-ում, մանրամասնում է Ադրբեջանի բնիկ հայկական վայրերի բնաջնջման և ոչնչացման երկար պատմությունը, այդ թվում` «89 միջնադարյան եկեղեցիներ, 5840 բարդ խաչքարեր և 22000 գերեզմանաքարեր»:

ԱՄՆ-ի լավ վարձատրվող PR գործակալությունները, լոբբիստական խմբերն ապահովում են Ադրբեջանի պաշտպանությունը

Լավ կազմակերպված PR արշավները, որոնք ստեղծվել էին անցյալ տարվա սեպտեմբերին՝ ԱՄՆ բարձրակարգ PR գործակալությունների և լոբբիստական խմբերի կողմից, կազմակերպեցին լայնածավալ ապատեղեկատվական արշավ Հայաստանի դեմ, երբ Ադրբեջանը ռմբակոծեց Արցախը:

Հակահայկական զեկույցներ ու հոդվածներ տարածվեցին ամենահայտնի ԶԼՄ-ներում, որոնք առավել ցայտուն ղեկավարում էր The New York Times-ի Ստամբուլի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալը: Միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, հրապարակեցին ադրբեջանամետ զեկույցներ, որոնք Հայաստանին մեղադրում էին պատերազմ հրահրելու մեջ, այնուհետև փոխեցին իրենց պնդումները:

Նշվում է, որ DataPoint Armenia-ն ներկայացրեց «Պատերազմի ընթացքում սոցիալական լրատվամիջոցների նատատիվի» վերաբերյալ ամենաընդգրկուն վերլուծությունը՝ եզրակացնելով, որ հայամետ սոցիալական գրառումները «փոքր ազդեցություն են ունեցել միջազգային լսարանի վրա»:

Ամբողջական հոդվածը հղմամբ։
 

Placeholder