Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին
Մշակույթ
09:07 29/09/2021
Հայաստան

Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ժ․ Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Թատերական Լոռի» 26-րդ միջազգային թատերական փառատոնին։  Այս մասին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։

Ներկայացումը, որի բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է,  կներկայացվի սեպտեմբերի 29-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում և սեպտմբերի 30-ին Ալավերդու մշակույթի տանը:

Ներկայացման դերակատարներն են Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը։ Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի։

«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց, տեղ-տեղ հեգնական: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021թ․ մայիսի 28-ին։

«Թատերական Լոռի» 26-րդ փառատոնին մասնակցում են ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, թատերախմբեր Թբիլիսիից և Եգիպտոսից
Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ. կներկայացվեն դրամատիկ կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ՝ այս կերպ թատերատոնին հաղորդելով առավել մեծ մասսայականություն:


 

Placeholder
Ստանիսլավսկու անվան թատրոնը կմասնակցի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին