Հայաստանի բնակչության 50 %-ը ԵԱՏՄ ստանդարտների համաձայն թերսնված է.Դավիթ Պիպոյան
Հասարակություն
15:09 01/10/2021
Հայաստան

Հայաստանի բնակչության 50 %-ը ԵԱՏՄ ստանդարտների համաձայն թերսնված է.Դավիթ Պիպոյան

«Հայաստանի բնակչության 50 %-ը ԵԱՏՄ ստանդարտների համաձայն օրական 2500 կալորիա սնունդ չի ստանում՝ կարողանում է ապահովել 1800-2000 կալորիան»,- այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Նա հայտնեց, որ ամբողջ աշխարհում կա կորելիացոն ուղի՝ կապ սնման և աղքատության կարգավիճակի միջև և կենտրոնի կատարած ուսումնասիրությունների արդյունքում եղել են շատ ընտանիքներ, որոնք չեն կարողացել ապահովել անհրաժեշտ կալորիաները:

Փորձագետը ներկայացրեց Հայաստանում բնակչության կողմից սննդամթերքի սպառման սննդակարգի հետազոտության արդյունքները, որը իրականացվել է Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում ծրագրի շրջանակներում, և այն ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից:

Դավիթ Պիպոյանը հայտնեց, որ առաջին անգամ է իրականացվել ամբողջ հանրապետության բնակչության սնուցման կարգավիճակի գնահատում, ինչի համար ուսումնասիրվել է մարդկանց սննդակարգը:

Նրա ներկայացմամբ՝ ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն պարենային անվտանգության, այլև սննդամթերքի անվտանգության  ռիսկերի գնահատման առումով:

Բացատրելով, որ թերսնումը ոչ միայն պակաս կալորիաներն են այլ օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցների, ճարպերի, վիտամինների և այլ սննդանյութերի պակասը՝ մասնագետը ներկայացրեց, թե որ սննդամթերքն է պակասում ՀՀ բանկչության սննդակարգից:

«Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում մենք ունենք հացի սպառման ծավալների կրճատում, որը պայմանավորված է մի շարք սպառողների կողմից հացի քանակի կրճատման հետ»,- հայտնեց Պիպոյանը և փաստեց, որ եթե երևանում 2015-16 թթ. կար օրական 250-280 գրամ հացի սպառում, ապա 2021 թվականի հարցումների արդյունքով հացի օգտագործումը միջինում տատանվում է 180-220 գրամ, սակայն այն մնում է մեր բնակչության սննդամթերքի գերակշռող հատվածը:

Նրա ներկայացմամբ՝ ուսումնասիրության ժամանակ դիտարկել են 88 սննդամթերք, որոնց համադրման արդյունքում եկել են այն եզրակացության, որ դրանց 33%-ը սննդակարգում՝  հատիկեղենը և ալրային հենքով մթերքներն են:

«Այն ընտանիքը, որն օրական օգտագործում է 250-300 գրամ հաց, արդեն իսկ 800 կալորիա ստանում են միայն հացի միջոցով»,- ասաց Պիպոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունն օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցների 51%-ը ստանում է ալրային հենքով մթերքների և հատիկեղենի միջոցով, իսկ կենդանական ծագման  սննդամթերքով՝ 15 %, այն դեպքում, երբ այլ երկրներում կենդանական ծագման սպիտակուցները կազմում են մարդկանց սննդակարգի 35-50%-ը:

Ըստ Պիպոյանի՝ մարդը սննդակարգում օրական պետք է ունենա 400 գրամ միրգ և բանջարեղեն՝ 200/200 գրամ հարաբերակցությամբ, բայց  տարվա 7-8 ամիսը  բնակչության մոտ այն պակաս է 30-40 %-ով և միայն ամռան ամսիներին է այն լրացվում:

«Եթե Երևանի բնակիչն ամսական ծախսի 22-30 հազար դրամ ուտելիք գնելու համար, ապա կարող է սնվելու նորմալ ռեժիմ ապահովել»,- հայտնեց Պիպոյանը և հավելեց, որ հաճախ ընտանեկան բյուջեի ավելի քան 50 %-ը ծախսվում է բացառապես սննդամթերք գնելու վրա։

Նա հայտնեց, որ մայրաքաղաքում ամենից շատ սպառում են ծորակի ջուրը, այնուհետև հացը և երրորդ տեղում կարտոֆիլն է։

Պիպոյանի խոսքով՝ Երևանում չորս հոգուց բաղկացած ընտանիքը ամսական պետք է ծախսի մոտավորապես 120 հազար դրամ սննդի համար։
 

Placeholder
Հայաստանի բնակչության 50 %-ը ԵԱՏՄ ստանդարտների համաձայն թերսնված է.Դավիթ Պիպոյան