Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության
Հասարակություն
15:35 01/10/2021
Հայաստան

Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության

Հոկտեմբերի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը Հայոց Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, իր երախտագիտությունն է հայտնել Շվեդիային, ինչպես նաև միջազգային դիվանագիտական առաքելություններին պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Վեհափառ Հայրապետը, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է բերել Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի, ազգային և հոգևոր կյանքով ապրելու հնարավորության ընձեռնման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է  նաև, որ Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության հետ։

Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել պատերազմից հետո իր առջև ծառացած բոլոր դժվարությունները։ Դեսպանն ընդգծել է նաև, որ մեծապես տպավորված է Հայաստանով և հայ ժողովրդի հյուրընկալությամբ։ Պրն․ Պատրիկ Սվենսոնը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ դեսպանությունը ջանքեր է գործադրելու  հայ-շվեդական կապերը տարբեր բնագավառներում առավել խորացնելու ու զարգացնելու ուղղությամբ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը Շվեդիայի թագավորության դեսպանին ներկայացրել է Մայր Աթոռի դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և ներկայում իրականացվող գործունեությունը՝ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումն ու գործադրումը։

Placeholder
Մայր Աթոռը պատրաստակամ է տարբեր ոլորտներում գործակցել Շվեդիայի դեսպանության