«Ոսկե ծիրանյան» շաբաթ
Մշակույթ
13:53 02/10/2021
Հայաստան

«Ոսկե ծիրանյան» շաբաթ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի ծրագրերում ընդգրկված է մոտ 80 ֆիլմ։ Panorama.am-ի հետ զրույցում «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ստացել են շատ հայտեր, սակայն, օրինակ, 2019-ի համեմատ ընտրված ֆիլմերի քանակը մի փոքր պակասել է այս տարի,  պատճառն այն է, որ փառատոնի բյուջեն մի քանի անգամ պակաս է, քան 2019-ին։

Նա հայտնեց, որ փառատոնը կհյուրընկալի կինոաշխարհում հայտնի գրեթե 70 ներկայացուցչի։

Կարեն Ավետիսյանը բարձր է գնահատում կենդանի փառատոնի անցկացման փաստը հետպատերազմյան և համավարկային ժամանակահատվածում։

«Մնում է հանդիսատեսն ինքն էլ ընդունի այդ մարտահրավերը՝ տանից դուրս գա, գնա մեծ էկրանին կինոդիտման, բավականին երկար ժամանակ զրկված է եղել դրանից։ Փառատոնը վերջին անգամ ամբողջական ձևաչափով երկու տարի առաջ է եղել, այդ ընթացքում մեր հասարակությունը  բազմում հոգեբանական հարվածներ է ստացել։

Դրա համար մի փոքր ոչ թե մտավախություն կա, այլ առաջին անգամ է հետպատերազմական ու համավարակային ժամանակահատվածում այդ  փորձը»,- ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրենը։

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը:

Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիրն։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Նա հայտնի է «Կնոջ մասնիկները», «Սպիտակ աստվածը», «Յուպիտերի արբանյակը» և այլ ֆիլմերով։

Փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով:

«Ոսկե ծիրան» 18-րդ փառատոնի ամբողջական ֆիլմացանկին կարելի է ծանոթանալ այս հղումով, իսկ փառատոնային ամբողջական ծրագրին՝ այս հղումով։

 

Placeholder
«Ոսկե ծիրանյան» շաբաթ