Սկսվել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը
Մշակույթ
11:45 02/10/2021
Հայաստան

Սկսվել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը

Օրեր առաջ Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում, հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ կայացել է ռեժիսոր  Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի առաջնախաղը, որով սկսվել է ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում է Ջիվան Ավետիսյանը:  

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Գենտում (Բելգիա)  և Դետրոյթում (ԱՄՆ)։ Առաջիկա օրերն «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի Ֆեր Լոնում,  Բոստոնում, Տորոնտոյում։

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան)  2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի  (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...

Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

«Դրախտի դարպասը»  ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թվականին։

Placeholder