Լավրովի հետ հանդիպմանը կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը
Քաղաքական
17:09 04/10/2021
Հայաստան

Լավրովի հետ հանդիպմանը կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի շեշտադրվել է խորհրդարանների դերի մասին երկկողմ փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:

Երկուստեք կարևորվել է նաև արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Placeholder
Լավրովի հետ հանդիպմանը կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը