Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո
Քաղաքական
11:45 04/10/2021
Տարածաշրջան

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո

Թուրքիան մտադիր է այս շաբաթ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել։ «Ամուր եղբայրություն -2021» զորավարժությունները (The Steadfast Brotherhood-2021) տեղի կունենան Նախիջևանում` հոկտեմբերի 5-8-ը ընկած ժամանակահատվածում: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ զորավարժությունների վերաբերյալ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանի բանակը հայտարարեց, որ զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում:

Կիրակի օրը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտպանեց զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին, որոնք այլ պաշտոնյաներ կապում են Թեհրանի թշնամու՝ Իսրայելի հետ Բաքվի սերտ կապերով:

«Իրանը զգուշանում է Իսրայելի՝ Ադրբեջանի հետ կապերից, որը հրեական պետության նավթի հիմնական արտահանողն է: Իսրայելն, իր հերթին, Ադրբեջանին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր և այլ բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք օգնեցին Բաքվին անցյալ տարվա Հայաստանի հետ պատերազմում»,- գրում է կայքը։

Առանց որևէ մեկի անուն նշելու, Խամենեին ասաց, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան, որ «իրենց ազգային շահերը սպասարկող օտար բանակները» միջամտեն իրենց գործերին կամ ներգրավվեն իրենց բանակներում:

Նա նաև ասաց, որ Մերձավոր Արևելքում օտարերկրյա ուժերի առկայությունը «ոչնչացման աղբյուր» է, և հարևան երկրներին հորդորեց «մնալ անկախ» և «միավորել ուժերը»:

Ասվում է, որ Ադրբեջանի ու Իրանի միջև լարվածությունը բորբոքվել է նաև Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան ուղևորվող իրանական բեռնատարների համար ճանապարհային տուրքի սահմանմամբ։
 

Placeholder
Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո