Տաշիր և Սպիտակ քաղաքներում  72 կգ միս է հանվել վաճառքից
Առողջություն
17:55 06/10/2021
Հայաստան

Տաշիր և Սպիտակ քաղաքներում 72 կգ միս է հանվել վաճառքից

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սեպտեմբերի 2-րդ կեսից սկսված խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:

ՍԱՏՄ տարածած հաղորդագրության համաձայն, տեսչական մարմնի անասնաբուժության վարչության, Երևանի և մարզային կենտրոնների տեսուչների, Լոռու տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մսի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ողջ մսեղիքի համար ներկայացվել է սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը:

Տաշիր և Սպիտակ քաղաքների թարմ մսի իրացման մի շարք կետերում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 72 կգ միս-մսեղիք, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

Պատկերն առավել վատ է եղել Վայոց Ձորի մարզում. Եղեգնաձոր և Վայք քաղաքների մսի իրացման կետերում վաճառվող միս-մսեղիքը չի եղել սպանդանոցային ծագման: Տրվել են առավել քան 160 կգ միս-մսեղիքի շուկայից ետկանչի և վաճառքի կասեցման կարգադրագրեր:

Ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է:

«Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»,-նշում են ՍԱՏՄ-ից։
 

Placeholder