Էլինար Վարդանյան. Ռ. Քոչարյանի ասուլիսի արձագանքների ամփոփ պատկերը
Քաղաքական
10:11 07/10/2021
Հայաստան

Էլինար Վարդանյան. Ռ. Քոչարյանի ասուլիսի արձագանքների ամփոփ պատկերը

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Էլինար Վարդանյանի հոդվածը, որտեղ նա անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսի արձագանքներին.

«Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ասուլիսը լայն քննարկման առարկա է դարձել։ Արձագանքների ամփոփ պատկերը մոտավորապես ունի այս տեսքը.

- Ռ. Քոչարյանի ասուլիսի  հիմնական հետևությունն այն է, որ այն չի կարող անհետևանք մնալ։  Հարցադրումները, որոնք հնչեցին,    ստացել են լեգիտիմ գոյության իրավունք։ Այդ հարցադրումները մտել են  ինքնուրույն, ավտոնոմ կյանք։ Իշխանությունն այլևս չունի և չի ունենալու շանս խուսափելու այս հարցերից։ Հուսալ, որ ժամանակի ընթացքում այս հարցերը կմեղմվեն կամ կմոռացվեն, անլուրջ է։

- Ռ. Քոչարյանի ասուլիսը փակեց նաև ԱԺ-ում, իշխանության սցենարով, քննիչ հանձնաժողովի գաղափարը։ Ձևակերպված հարցերի լայն շրջանակը՝ նախապատերազմյան, բուն պատերազմի օրերի և հետպատերազմյան փուլերին վերաբերող, այլևս լայն հանրության քննության թեման է։ Կաբինետային հանձնաժողովի փոխարեն պետք է լինի հանրային պրոցես։ Այդ հարցերը հասարակության սեփականությունն են, և ոչ երբեք՝ ԱԺ մի խումբ հանձնաժողովականների, առավել ևս՝ որ նրանց մեծ մասը ՔՊ-ական են։ Պետք է խնդիր դնել, որ հասարակությունը տեր կանգնի իր հարցերին։ Եվ պրոցեսը կարծես թե այդ ճանապարհին է։

- Ռ. Քոչարյանի ասուլիսի մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ փորձ արեց հասարակությանը դրդել մտածել  դժվար հարցերի շուրջ, ձևակերպել նոր հարցեր։ Մենք չեն կարող անընդհատ փախչել բարդ հարցերի բարձրացումից. Ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը, ինչպե՞ս ենք վերականգնելու մեր անվտանգությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս հարցերից խուսափել մենք չենք կարող։

- Ռ. Քոչարյանի ասուլիսի վիճահարույց  կողմը՝ սոցիալական խնդիրներին չանդրադառնալն էր՝ տնտեսություն, բյուջե, թոշակներ, համավարակ, պատվաստումներ և այլն։ Հետադարձ կապով մարդիկ անում են նման հարցադրում։ Իհարկե, կա բացատրություն, որ սա թեմատիկ ասուլիս էր՝ պատերազմին և անվտանգությանը վերաբերող, բայց մյուս կողմից եթե կա նման հարցադրում, իսկ այն իսկապես կա, ապա  պետք է  նկատի ունենալ, որ հավաքվող մեծ լսարանը ունի իր օրակարգը և  սոցիալական թեմանները կարևոր են»։

Placeholder
Էլինար Վարդանյան. Ռ. Քոչարյանի ասուլիսի արձագանքների ամփոփ պատկերը