Բաթումիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է, կան զոհեր
Տարածաշրջան
13:16 08/10/2021
Տարածաշրջան

Բաթումիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է, կան զոհեր

Բաթումիի կենտրոնում փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի մի մասը, հայտնում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն։

Հաղորդագրության մեջ հայտնում են, որ կան զոհեր։ Իսկ փլատակների տակ կարող են լինել մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: 

Ինչպես հայտնում է աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել Բաթումիի Մայիսի 26-ի փողոցում: Այժմ այնտեղ աշխատում են փրկարարներ, բժիշկներ, ոստիկաններ և հատուկ տեխնիկա: 

Վրացական «Առաջին ալիք»-ը գրում է, որ ըստ ՆԳՆ-ի, Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

«Ներքին գործերի նախարարության կողմից Բաթումիի Մայիսի 26-ի փողոցում բնակելի շենքի փլուզման մասին տեղեկությունն ստանալուն պես մոբիլիզացվել են փրկարարական և ոստիկանական ուժերը, ինչպես նաև տեղում են շտապօգնության աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների, փլուզվել է բնակելի շենքի մուտքը: Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջ-փրկարարները բնակչությանը տարհանել են փլուզված մուտքի հարեւան բնակարաններից, ինչպես նաեւ փլատակների տակ մնացած մեքենաներից:

Այս պահին տարածքը մաքրվում է փլատակներից, ընթանում են ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ: Փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Հրշեջ-փրկարարների հետ մեկտեղ, տեղում արդեն մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա: Բացի այդ, մոբիլիզացված են նաեւ ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների բաժնի եւ փորձագիտական-քրեագիտական վարչության աշխատակիցները: Լրացուցիչ աշխատուժ է մոբիլիզացվում Աջարիայի հարեւան շրջաններից:

Դեպքի հարակից տարածքը անվտանգության միջոցառումներով փակ է: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, ինչպես նաև տեղում գտնվող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ենթարկվել ՆԳՆ աշխատակիցների ցուցումներին և պահպանել անվտանգության նորմերը», – ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ փոխանցում է 1tv.ge-ն։

 

Placeholder
Բաթումիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է, կան զոհեր