«Արմենիա» միջազգային փառատոնն իր տանիքի ներքո է համախմբել մեծանուն երաժիշտների
Մշակույթ
10:46 09/10/2021
Հայաստան

«Արմենիա» միջազգային փառատոնն իր տանիքի ներքո է համախմբել մեծանուն երաժիշտների

Հոկտեմբերի 9-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայանան նոր սերնդի տաղանդավոր ու անվանի ջութակահար Դանիել Լոզակովիչը և աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ վերջիններս կկատարեն Պյոտր Չայկովսկու և Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործություններից։

Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն բազմիցս հանդես է եկել Հայաստանում՝ վայելելով հայ երաժշտասերների մեծ սերը։ Իտալացի դիրիժորը, խոսելով «Արմենիա» միջազգային փառատոնի մասին, նշում է, որ մեկ ամիս տևողությամբ երաժշտական այս խոշորածավալ միջոցառումն իր տանիքի ներքո է համախմբել մեծանուն երաժիշտների։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանն անդրադառնալով՝ Ջանլուկա Մարչիանոն շեշտում է, որ միշտ հաճելի է ելույթ ունենալ նվագախմբի հետ։

«Պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող նվագախումբ է, ինչի մասին խոսում են միջազգային հարթակներում կոլեկտիվի գրանցած հաջողությունները»,- ասում է մաեստրո Մարչիանոն։

Խոսելով «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպիչներից Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) մասին՝ Ջանլուկա Մարչիանոն ընդգծում է վերջինիս առանձնահատուկ դերը մշակութային կյանքում։

«Հիմնադրամն ամբողջ աշխարհում ստեղծում է նոր հնարավորություններ՝ լսելու դասական երաժշտությունն ամենաբարձր մակարդակով, աջակցում է բազմաթիվ փառատոների, երաժշտական այլ նախաձեռնությունների, որոնց նպատակը դասական երաժշտությունը տարածելն ու հանրայնացնելն է։ Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամին և նրա նախագահ Կոնստանտին Իշխանովին այն աշխատանքի համար, որ նրանք կատարում են»,- ասում է դիրիժորը։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվում է «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը երաժշտասերներին է ներկայացնելու սիմֆոնիկ ու կամերային համերգներ։

Փառատոնի շնորհիվ Երևան կժամանեն այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, ջութակահար Գիլ Շահամը, թավջութակահար Սթիվեն Իսերլիսը և այլք։ Փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Placeholder