Wargonzo.Արցախի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է
Իրավունք
17:35 11/10/2021
ԼՂՀ

Wargonzo.Արցախի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է

Ձերբակալվել է Արցախի Մարտակերտի շրջանում իր հողամասում աշխատող արցախցուն սպանած ադրբեջանցի դիպուկահարը։ Այս մասին գրում է Թելագրամի Wargonzo ալիքը՝ վկայակոչելով ռուսական ուժային կառույցների աղբյուրները։

Նշվում է, որ դեպքի քննությամբ զբաղվել է հատուկ եռակողմ հանձնաժողովը, որում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչներ։ Համատեղ քննության ընթացքում ձերբակալվել է խաղաղ արցախցուն սպանած դիպուկահարը, նրա նկատմամաբ քննչական գործողությունները շարունակվում են։

«Այդ սադրանքի հետևանքով պաշտոնազրկման վտանգի ներքո են նաև ադրբեջանցի բարձրաստիճան մի քանի գեներալներ»,-գրում է Wargonzo-ն։

Նշենք, որ ձերբակալության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։

Հայաստանի գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։

Նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ ՊԲ ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել  ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ըստ ականատեսների պնդման՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։

Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով /սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/։ Իրականացվում է նախաքննություն:

Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։

Placeholder
Wargonzo.Արցախի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է