Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկ տարի՝ առանց լեգենդար հրամանատար ու Ազգային հերոս Վահագն Ասատրյանի
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի միջոցառում է՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանին: Հոկտեմբերի 12-ը գնդապետի զոհվելու օրն է։
Հիշատակի միջոցառմանը ներկա են գտնվել բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։
.jpg)
«Այս օրը հիշատակի խորհուրդ ունի, և սա պատգամ է նաև բանակի ողջ անձնակազմին՝ իրենց առջև դրված խնդիրներն ավելի պարտաճանաչ կատարել, պատգամ է մեր մատաղ սերունդին՝ իրենց դաստիարկության մեջ փորձել նմանվել Վահագն Ասատրյանին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց՝ Վահագն Ասատրյանն այն անձնավորությունն է, ով ապրելու է դարեդար. «Երբ խոսում ենք ֆիզիկական մահի մասին, հայկական բանակը կորցրեց առաջին հերթին մարդու, ով իր ողջ կյանքը նվիրել է զինվորական ծառայությանը, միշտ եղել է զինվորի կողքին: Վահագն այն անձնավորություն էր, որ կարող էր նետվել յուրաքանչյուրի կյանքը փրկելու: Նվիրվածությունը նաև նրանում է, որ կարելի է զոհվել հայրենիքի համար:
Հրամանատար, ով տիրապետել է հրամանատարական բազմաթիվ ունակությունների, հմտությունների, մարտական վարպետության, հռետորաբանության, որն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան տարբեր զորամասերի հրամանատար են նշանակել, վերջում՝ հատուկ նշանակության զորամասի հրամանատար:
Նա այն հրամանատարն է, ով լրացրեց հրամանատարների այն աստղաբույլը, որոնք փրկել են մեր երկրի արժանապատվությունը, պահպանել մեր հողն ու ջուրը Հայաստանում և Արցախում»:

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքով, «Ազգային հերոս» կոչումը հենց այնպես ոչ մեկին չի տրվում:
«Վահագն Ասատրյանը միշտ զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ, բոլոր տեղերում հանդես է բերել միայն բարձր կամային հատկանիշներ, մասնագիտական բարձր կարողություններ, դրա արդյունքում էր վստահվել այդ զորամասի հրամանատրությունը»,- ասաց Արտակ Դավթյանը:
Նա գնդապետ Ասատրյանին բնութագրեց այսպես՝ հիանալի ընկեր, հիանալի մարդ, ընտանիքի հիանալի հայր:
ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը նշեց, որ պետք է գիտակցել՝ Վահագն Ասատրյանը, իր նման բոլոր հերոսներն իրենց կյանքը տվել են մեր կյանքի համար. «Մենք չափազանց պատասխանատվությամբ պետք է վերաբերվենք այդ գաղափարին, պատասխանատվությամբ վերաբերվենք մեր սրբազան հողի պաշտպանությանը»:

Վահագն Ասատրյանը Զինված ուժերի շարքերում է եղել 1997 թվականից։ 5 ռազմական բուհերում ուսանած հրամանատարի համոզմունքն է եղել՝ փոփոխվող մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է:
«Եթե ուզում եք զինվորը ենթարկվի, զինվորը հարգի հրամանատարին, պետք է հրամանատարը լինի գրագետ, պետք է սպան լինի կարդացած։ Դու դրանով դառնալու ես առաջնորդ, դրանով ստեղծելու ես հարգանքդ, շրջապատդ, թիմդ, որով վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդիդ»,- ասել է Վահագն Ասատրյանը։
23 տարիների անբասիր ծառայության ընթացքում գնդապետ Վահագն Ասատրյանի ղեկավարած ստորաբաժանումները մշտապես եղել են լավագույնների շարքում։
Վահագն Ասատրյանին հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու պարգևատրել է Հայրենիքի շքանշանով:

