Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի երրորդ փուլում է
Մշակույթ
11:00 13/10/2021
Աշխարհ

Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի երրորդ փուլում է

Ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանն անցել է Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի երրորդ փուլ։

Մրցույթի կայքից տեղեկանում ենք, որ երրորդ փուլ է անցել 23 դաշնակահար 11 երկրից։  

Հիշեցնենք, որ առաջին փուլում ելույթ էին ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ: 14 երկրից 48 ներկայացուցիչ անցել էին  լսումների երկրորդ փուլ։ 

Երրորդ փուլը կայանալու է հոկտեմբերի 14-16-ը։ 

Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի միջազգային մրցույթն ամենահիններից մեկն է աշխարհում: Առաջին մրցույթը տեղի է ունեցել Վարշավայում 1927 թվականին, այնուհետև այն անցկացվել է հինգ տարին մեկ, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների։

Մրցույթին կարող են մասնակցել 18-29 տարեկան երիտասարդ երաժիշտներ: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրա մասնակիցները կարող են կատարել միայն Շոպենի ստեղծագործությունները: Առաջին փուլում մրցողները ժյուրիին ներկայացնում են էտյուդներ, նոկտյուրներ կատարելու հմտություն, երկրորդում նրանք կատարում են բալլադներ, սկերցոներ  և վալսներ, երրորդում` սոնատներ և մազուրկաներ, իսկ եզրափակիչում` դաշնամուրի համերգներ:

Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։

2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։

Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Placeholder
Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի երրորդ փուլում է