Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուրի, Ալբերտ, Աղասի...Ապրեցին, զոհվեցին ու ամփոփվեցին կողք կողքի
Յուրի Օհանյան, Ալբերտ Հովսեփյան, Աղասի Բեջանյան, Նարեկ Քարտաշյան, Հովհաննես Պորտուգալյան ու ևս 20 անուն։ Կամավորները զոհվեցին անցած տարի հենց այս օրը՝ հոկտեմբերի 14-ին, Վարանդայում։ Բոլորը զոհվեցին նույն դիրքում։
Յուրի Օհանյանը, Ալբերտ Հովսեփյանը և Աղասի Բեջանյանը միասին են կամավոր մեկնել առաջնագիծ, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին։ Ալբերտը Յուրիի հորաքրոջ տղան է, իսկ Աղասին՝ մանկության ընկերը։

Այսօր էլ նրանք կողք-կողքի են՝ Եռաբլուրում, ինչպես մանկության, պատանեկության ու երիտասարդության օրերին, մարտի դաշտում։
Տղաներից վերջին զանգը ստացվել է հոկտեմբերի 14-ին,այդ իսկ պատճառով էլ ծնողները ենթադրում են, որ հենց այդ օրն են զոհվել նրանք։

Շուրջ 20 կամավորներ՝Երևան քաղաքի Արաբկիրի, Շենգավիթի և Նոր Նորքի վարչական շրջաններից... նրանցից շատերի ծնողներն էլ տեսել են իրենց զավակների մարմինները միայն ադրբեջանական կայքերում։
Կամավորների խումբը հերոսական պայքար է մղել Վարանդայում հոկտեմբերի 5ից, խոցել և ոչնչացրել են մեծ քանակությամբ թշնամական կենդանի ուժ...Նրանցից մեկի՝ Սամվել Կնյազյանի ճակատագիրը դեռևս անհայտ է...
Այսօր էլ հերոսների ընտանիքները, հարազատները և ընկերները Եռաբլուրում կհարգեն նրանց հիշատակը։
Յուրի Օհանյանը,Ալբերտ Հովսեփյանը ու ևս մի քանի կամավորականներ, հետմահու պարգևատրվել են «Մարտական Ծառայություն» և «Արիության» մեդալներով։