ՀՀ պատվիրակությունը Հաագայում է՝ ՄԱԿ-ի միջազգայն դատարանում ընդդեմ Ադրբեջանի գործի լսումներին
Իրավունք
12:24 14/10/2021
Հայաստան

ՀՀ պատվիրակությունը Հաագայում է՝ ՄԱԿ-ի միջազգայն դատարանում ընդդեմ Ադրբեջանի գործի լսումներին

Հոկտեմբերի 14-15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն նիստեր՝ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ։

Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հրապարակել է նկար դատարանից։

«Հայաստանի պատվիրակությունը՝ Արդարադատության միջազգային դատարանում կայանալիք առաջին նիստերին՝ Հայաստան ընդդեմ Ադրբեջանի լսումներին ընդառաջ»,-գրել է Բալայանը:

Նշենք, որ Հայաստանը պնդում է, որ «[տասնյակ տարիներ] Ադրբեջանը հայերին ռասայական խտրականություն է ենթարկել» և որպես «պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունք՝ հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»։

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ հրատապ միջոցներ կիրառելու միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ևս հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան և հոկտեմբերի 18-19-ին կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած հայցին:

Placeholder
ՀՀ պատվիրակությունը Հաագայում է՝ ՄԱԿ-ի միջազգայն դատարանում ընդդեմ Ադրբեջանի գործի լսումներին