Թշնամին կրակում էր Արցախի երկու ուղղություններով, իսկ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը. Լարիսա Ալավերդյան
Իրավունք
17:15 15/10/2021
Հայաստան

Թշնամին կրակում էր Արցախի երկու ուղղություններով, իսկ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը. Լարիսա Ալավերդյան

«Բռնապետության հմտություններ այս խունտան չունի, այն բացառապես այլ՝ թշնամի պետությունների ծրագրերին և ռազմավարական նպատակներին ծառայեցնելու գործիքակազմ է»,-«Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա  Ալավերդյանը և նկատեց, որ ստալինյան բռնապետությունը գոնե տվյալ պետության ներսում էր ձևավորվել:

Նրա խոսքով՝ Հայաստանի բռնապետությունը ՀՀ քաղաքացիներին պարտադրված է և այն այլ բռնապետերին ենթարկելու խնդիր է լուծում

Ըստ Ալավերդյանի՝ մարդու իրավունքները և խոսքի ազատությունն ամենակեղտոտ գլոբալիստական ուժերի կողմից օգտագործվում են որպես գործիքակազմ իրենց ավելի պղտոր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:


Նա նկատեց, որ խոսքի ազատության դեմ Հայաստանում իրականացվող բռնությունների մասին ժողովրդավարական պետությունները ոչ թե լռում են, այլ խրախուսում են՝ միլիարդների օգնություն տրամադրելով:

«Երեկ թշնամին կրակում էր Արցախի երկու կարևոր ուղղություններով, իսկ այդ ժամանակ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը: Սա քրիստոմատիկ մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որ հասարակության ուշադրությունը շեղեն մեր համար կարևոր օրհասական խնդրից, որ բոլորը քննարկեն խնձորենիների խնդիրը, որը լրատվական դաշտը հաջողությամբ արեց»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ պնդելով որ իշխանություններն օգտվում են հայտնի կենտրոնների մշակած տեխնոլոգիաներից:

Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունը պետք է իր մեջ ուժ գտնի և դիմադրի այդ տեխնոլոգիաներին: 

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ երբ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունն, ապա այն նշանակում է, որ մարդը դուրս է մղվում իր կարևորագույն իրավունքից՝ պետության կառավարման մասնակցությունից:

Ըստ նրա՝ այդ ամենի նպատակը միջազգային սուբյեկտայնությունից պետության զրկելն է, որից հետո այն դառնում է ոչ թե տարածք, այլ կիլոմետրեր, որոնց վրայով կարող են անցնել:

«Միջազգային կազմակերպությունները քարտ բլանշ են տվել այս իշխանություններին, որոնք կարող են անել ցանկացած բան, քանի որ գլոբալիստական պղտոր նպատակներն են եղել նրանց առաջ դրված խնդիրները»,-հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմենը և հավելեց. «Այս իշխանությունը մի բանում չի հաջողել՝ չեն կարողացել ամբողջ Արցախն տալ Ադրբեջանին»

Լարիսա Ալալվերդյանն առաջարկեց արձանագրել, որ այսօր պայքարը ոչ թե միայն ժողովրդավարության համար է, այլ՝ որպես ազգ լինել-չլինելու:

«Պետք է այնպես փոխել մեր պայքարի գործիքակազմը, որ կարողանանք դիմակայել շատ հմուտ կենտրոններին, որոնցից կառավարվում են այս իշխանությունները»,-ասաց Ալավերդյանը և հավելեց. «Մամուլի դեմ հարձակումները պլանավորված են և իշխանություններն անշեղորեն կատարում են այն ծրագրերը, որոնք ամբողջովին նպաստում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը»:

Նա առաջարկեց պետության համար պայքարել հանրության միջոցով և դրա համար ստեղծել հանրային տրիբունալ:

 

Placeholder
Թշնամին կրակում էր Արցախի երկու ուղղություններով, իսկ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը. Լարիսա Ալավերդյան