Հին նմուշի անձնագրերին է վերաբերում վավերականության ժամկետը ներկայումս գործող 10 տարվա փոխարեն 2 տարի սահմանելու փոփոխությունը. Պարզաբանում
Իրավունք
11:10 19/10/2021
Հայաստան

Հին նմուշի անձնագրերին է վերաբերում վավերականության ժամկետը ներկայումս գործող 10 տարվա փոխարեն 2 տարի սահմանելու փոփոխությունը. Պարզաբանում

Ոստիկանությունը անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին պարզաբանում է տարածել:

Հիշեցնենք, որ կառավարութունը հավանություն է տվել  Նույնականացման քարտերի և  Անձնագրի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքների նախագծերին: Օրինակ, գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած  արական սեռի քաղաքացիներին անձնագիրը  տրվում էր մինչև 18 տարին լրանալը, նախատեսվող   փոփոխությամբ այն սահմանավում է մինչև 19 տարեկանը, կամ՝ գործող օրենսդրությամբ անձնագրում նշվում էր ծննդավայր-երկիրը,  իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող  է նշվել նաև քաղաքը և այլն:

ԱՎՎ իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը նշում է, որ ներկայումս  գործող իրավակարագավորումների համաձայն, 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նշված նորմի կիրառումը անձանց համար առաջացնում է մի շարք խնդիրներ  ՀՀ-ից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանում:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի, միջազգային սպորտային  մրցումներին մասնակցելու կամ  առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքում: Ուղղակի անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես  բախվում են խոչընդոտների: Առաջարկվող փոփոխությամբ կլուծվեն այդ խոչընդոտները և  կապահովվի անձնանց իրավունքների անարգել իրականցումը:

Խոսելով երկրորդ փոփոխության՝ անձնագրում քաղաքացու ցանկությամբ կարող  է նշվել նաև քաղաքը,  Իրինա Մկրտչյանը պարզաբանում է, որ  այս փոփոխությունը կրկին նախատեսվում է  ելնելով մարդու հիմնարար  իրավունքների և ազատությունների իրացման նպատակից, այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ:

«Ներկայումս գործող  իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ հստակ պահանջ, որի կապակցությամբ որպես ծննդավայր նշվում է պետությունը: Առաջարկվող  փոփոխությամբ անձի ցանկությամբ  կնշվի ծննդավայրը, օրինակ՝ գյուղ, քաղաք, մարզ, ինչպիսի հանգամանքների անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ  վիճարկելի տարածքներում ծնված  անձանց իրավունքները իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի նաև այդ անձանց իրավունքների իրացումը»,- նշում է ԱՎՎ իրավաբանական բաժնի պետը:

Նա նաև որպես կարևոր փոփոխություն առանձնացնում է ՀՀ կառավարության  1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված  անձնագրերի՝  այսպես ասված հին նմուշի անձնագրերի  տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է  անձը հաստատող  ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու է  քաղաքացիների իրավունքների անարգել իրացմանը:

«Ներկայումս անձնագրի տրման ժամկետը սահմանաված է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը և այս փոփոխությամբ  կերկարաձգվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասում  է Ի. Մկրտչյանը:

Հարցին՝ շրջանառվում է նաև 1998 թվականի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է նշված անձնագրի  վավերականության ժամկետը սահմանել 2 տարի ներկայումս  գործող 10 տարվա փոխարեն, ո՞րն է այս  փոփոխության նպատակը, Ի. Մկրտչյանը պատասխանում է, որ խոսքը վերաբերում է միայն  կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին, այլ ոչ թե  կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետով, այդպես էլ  շարունակվելու են  տրամադրվել նույն ժանմկետով:

«Այս պարագայում խոսք չի կարող գնալ ՀՀ քաղաքացիների ճամփորդելու իրավունքը սահմանափակելու մասին»,- ասում է նա:

Ի. Մկրտչյանի ներկայացմամբ, դեռևս  2012 թվականին ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող  անձնագրերի համակարգը, այս շրջանակներում քաղաքացիներին  տրամադրվել են կենսաչափական  տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման  քարտեր. «Համակարգի ներդմամբ պլանավորված է  եղել  ժամանակի ընթացքում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված  2013-2016 թթ. դադարեցվել է հին նմուշի  անձնագրերի տրամադրումը, սակայն 2017 թվականին  վերսկսվել  է այդ փաստաթղթերի տրամադրումը  ինչը պայմավորված է  եղել լեհական մի ընկերության հետ պայմանագրի ժամկետի ավարտով, ինչպես նաև նոր կենսաչափական անձնագրերի համակարգի  ներդրման աշխատանքների չիրականացմամբ: Որպեսզի քաղաքացիների  իրավունքի իրացումը չխոչընդոտվի, որոշում է  կայացվել կրկին շարունակել տրամարդել հին նմուշի անձնագրեր:

Ներկայումս ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ նոր  կենսաչափական տվյալներ պարունակող  նոր համակարգի ներդման ուղղությամբ: Նոր կենսաչափական համակարգի ներդմամբ կապահովվի ՀՀ կողմից տրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտներին  և անվտանգային համակարգերին համապատասխանեցումը: Արդեն իսկ նշված ուղղությամբ կատարվում են աշխատանքներ և  ոստիկանապետի հրամանով հայտարարվել է  կեսնաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի  դիզայնի մրցույթ և ստեղծվել է համապատասխան  հանձնաժողով: Այսինքն, այս փոփոխությունը նախատեսվում է միմիայն նոր  համակարգին անցնելու համար, ինչը չի ընդհատելու անձնագրերի  տրամադրումը և չի առաջացնելու անձանց իրավունքների սահմանափակում»:

Նա ընդգծում է՝ օտարերկրյա  պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպով չի առնչվում անձնագրի ժամկետի հետ:

Բացի այդ, ըստ Ի. Մկրտչյանի, եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որը 8,10 տարի դեռ վավեր է, այդ դեպքում այն շարունակելու է  գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, արդեն իսկ կտրամադրվի 2 տարի ժամկետով:

«Միայն կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո տրվող անձնագրերն են տրամադրվելու 2 տարի ժամկետով»,- ասում է նա: 

Placeholder
Հին նմուշի անձնագրերին է վերաբերում վավերականության ժամկետը ներկայումս գործող 10 տարվա փոխարեն 2 տարի սահմանելու փոփոխությունը. Պարզաբանում