ՄԹ-ում առաջին անգամ հնչել է Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը համերգային կատարմամբ
Մշակույթ
13:38 19/10/2021
Հայաստան

ՄԹ-ում առաջին անգամ հնչել է Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը համերգային կատարմամբ

Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-ին կայացել է հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի  ջանքերով՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։

Սպենդիարյանի տուն-թանգարանի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ համերգին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող շատ երաժիշտներ՝ դաշնակահարներ Յուլյա Չապլինան (Ռուսաստան), Սթավրոս Դրիթսասը (Հունաստան), Մարի Փալազյանը (Լիբանան-Անգլիա), մեներգիչներ՝ սոպրանո Անդրիանա Յորդանովան (Մալթա), մեցցոսոպրանո Հելեն Ռոթշելը (Անգլիա),   սոպրանո Հայարփի Եղիկյանը (Հայաստան-Անգլիա),  ջութակահար Անի Բադիկյանը (Անգլիա-Հայաստան) և «Քլինգեն» երգչախումբն և կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն է, ով հանդես է եկել նաև որպես մեներգիչ (տենոր) և դաշնակահար: Այս համերգով հիմք է դրվել «Քլինգեն»  կամերային նվագախմբին. համերգը նվագախմբի անդրանիկ ելույթն էր:  Հնչել են Սպենդիարյանի ու Բաբաջանյանի բազմաթիվ սիրված ստեղծագործություններ։

Ա. Սպենդիարյանի  «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը ՄԹ-ում համերգային կատարմամբ հնչել է առաջին անգամ (փոխադրումը կամերային կազմի համար՝ Սիփան Օլահի)։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը։

Միջոցառմանը ներկա են եղել ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը և դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ  սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։  Երեկոյի ընթացքում ընթերցվել է   ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։

Placeholder
ՄԹ-ում առաջին անգամ հնչել է Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը համերգային կատարմամբ