Չեմ կարող պնդել՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի. Գարեգին Բաղրամյան
Տնտեսություն
13:27 20/10/2021
Հայաստան

Չեմ կարող պնդել՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի. Գարեգին Բաղրամյան

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի հետ քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և բացատրեց, որ դա նշանակում է ընկերության վարձակալության վերջին 10 տարվա ընթացքում ունենալ կայուն գնային քաղաքականություն:

Հանձնաժողովի նախագահը նաև պարզաբանեց, որ այն ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում և դրա կայունացում, բայց դրանից հետո էլ չեն բացառվում 1-2 դրամ տատանումները:

Նա հայտնեց, որ ««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը հայտ է ներկայացրել ջրի սակագինը 43 դրամով բարձրացնելու վերաբերյալ՝ գործող 180 դրամի նկատմամբ այն հասցնելով 223 դրամի:

Անդրադառնալով այլ ծառայությունների սակագներին՝ Գարեգին Բաղրամյանն ասաց. «Չեմ կարող պնդել, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի»։

Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվում, որոնք ներառում են սահմանին գազի գնի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի և գազի մատակարարումների համակարգի հարցերը։

Ըստ Բաղրամյանի՝ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա, բայց քննարկումները դեռ ընթանում են և կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։

«Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է՝ 1000 խ/մ-ը 165 դոլար, ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայկական ԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգետիկական համակարգին միացել է նախատեսված ժամկետից ավելի ուշ, ինչը վնաս է հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
 

Placeholder
Չեմ կարող պնդել՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի. Գարեգին Բաղրամյան