Հինգ անձի մահվան պատճառ դարձած վթարը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները չապահովվելու հետևանք է
Իրավունք
16:52 20/10/2021
Հայաստան

Հինգ անձի մահվան պատճառ դարձած վթարը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները չապահովվելու հետևանք է

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է,  ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ`պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ,  պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Placeholder
Հինգ անձի մահվան պատճառ դարձած վթարը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները չապահովվելու հետևանք է