«Փաստինֆո». Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննությունից
Իրավունք
10:12 22/10/2021
Հայաստան

«Փաստինֆո». Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննությունից

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ,  ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննություն իրականացնելուց և հրաժարվել է հարցաքննել «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու հիշեցնում, որ Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Վարշամ Ղարիբյանի ցուցմունքն առ այն, թե Վարշամ Ղարիբյանն իր մասնակցությամբ և առնչությամբ քննվող քրեական գործերով Աղվան Հովսեփյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու և ապագայում այդ գործերով իր օգտին կոնկրետ գործողություններ կատարելու համար նրա հանձնարարությամբ «Երևան» հեռուստաընկերության 50 բաժնետոմսը նվիրաբերել է վերջինիս որդուն՝ Ա. Հովսեփյանին։ Ըստ Վարշամ Ղարիբյանի՝ իր վերաբերյալ քննվել են տարբեր քրեական գործեր, որոնց շրջանակներում ունեցել է մեղադրյալի, տուժողի դատավարական կարգավիճակներ, որոնց վարույթը կասեցվել է։

Թեև մեղադրանքի հիմքում դրվել է բացառապես Ղարիբյանի ցուցմունքը, վարույթն իրականացնող մարմինը չի ստուգել վերջինիս ցուցմունքի արժանահավատությունը և անմիջապես մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին, ուստի պաշտպանության կողմը փորձել էր «շտկել» իրավապահների սխալը և միջնորդություն ներկայացրել՝ պահանջելով ՀՔԾ-ից՝ վկայի կարգավիճակով հարցաքննել Վարշամ Ղարիբյանի առնչությամբ քննված քրեական գործերով քրեական հետապնդման մարմինների իրավասու ներկայացուցիչներին՝ քննիչներին, դատախազին, վարչության պետին։

Սակայն ՀՔԾ քննիչը հետաձգել է «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին հարցաքննելու մասին միջնորդության լուծումը։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննություն իրականացնելուց, որովհետև օբյեկտիվ գտնվելու դեպքում պետք է լսի Ղարիբյանի վերաբերյալ քրեական գործերով դատախազներին, քննիչներին։

«Քննիչը, դա չանելով, ուղղակի ունի այն մտավախությունը, որ ճշմարտությունը կբացահայտվի և քննիչին ոչինչ չի մնա անելու, քան այդ դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելը։ Իսկ եթե այս ամենը չի անում դա գիտակցելով, ուրեմն անաչառ և օբյեկտիվ չի մոտենում այդ գործի քննությանը »,- նշեց Ալեքսանյանը։

Placeholder
«Փաստինֆո». Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն խուսափում է օբյեկտիվ քննությունից