Լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները հետադիմական են և մտահոգիչ. Աշոտ Մելիքյան
Հասարակություն
14:46 22/10/2021
Հայաստան

Լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները հետադիմական են և մտահոգիչ. Աշոտ Մելիքյան

2021թ. երրորդ եռամսյակը լրագրողների և լրատվամիջոցների համար խիստ մտահոգիչ ժամանակահատված էր նախ և առաջ նոր սահմանափակումներ կիրառելու տեսանկյունից։ Ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021թ. երրորդ եռամսյակի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:

Նա նշեց, որ այդ սահմանափակումները և օրենսդրական նախաձեռնությունների միջոցով են, և տարբեր նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, և պրակտիկ գործողություններով, որոնք սահմանափակում են լրագրողական գործունեությունը։

«Մենք այդ սահմանափակումները, օրենսդրական նախաձեռնություններն հետադիմական ենք համարում, դրանք էլ ավելի բարդացնում են իրավիճակը»,- ասաց Ա. Մելիքյանը։

Ա. Մելիքյանը նախ հիշատակեց 8-րդ գումարման ԱԺ ղեկավարության այն որոշումը, որն ընդունվել է հուլիսի 30-ին և միտված է լրագրողների տեղաշարժի սահմանափակմանն ԱԺ տարածքում։

«Դա իսկապես աննախադեպ որոշում էր այդ ներկայացուցչական մարմնի ողջ պատմության համար։ Մենք արձանագրում ենք, որ այդ որոշմամբ, փաստորեն, լուրջ սահմանափակվում է լրագրողների հնարավորությունը պատգամավորներից մեկնաբանություններ, հարցազրույցներ վերցնելու, հանձնաժողովների աշխատանքը լուսաբանելու առումով։ Դա անսպասելի էր նաև խորհրդարանում հավատամագրված լրագրողների, օպերատորների համար, չէին տեղեկացվել նախապես։ Նրանք միանգամից բախվեցին այդ սահմանափակմանը։ Եվ միայն այդ օրը ԱԺ ղեկավարության ընդունած որոշումը հրապարակվեց»,- ասաց նա։

Ա. Մելիքյանի խոսքով, մյուս աննախադեպ քայլն այն էր, որ ԱԺ նախագահի հրահանգով դադարեցվեց ուղիղ եթերը, երբ նիստերի դահլիճում ծեծկռտուք սկսվեց տարբեր խմբակցությունների պատգամավորների կողմից. «Ընդ որում, դա ուղղորդվեց անվտանգության ծառայության աշխատակիցների բիրտ գործողություններով, որը նույնպես, կարծում եմ, ԱԺ ղեկավարության հրահանգով էր, երբ նրանք մտան մամուլի օթյակ և պարտադրեցինք լրագրողներին լքել այն, դադարեցնել նկարահանումները։

Կարծում եմ՝ սա նույնպես աննախադեպ և դատապարտելի երևույթ է, հենց լրագրողները պետք է հասարակությանը ցույց տան, թե ինչ ԱԺ է ընտրել, ամեն պատգամավոր ինչպիսի վարքագիծ է դրսևորում»։

Նա հայտնեց, որ այդ իրադարձությունները զուգորդվում էին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով, տարատեսակ այլ ճնշումներով. միայն այդ մի քանի օրվա ընթացքում արձանագրել են երեք ֆիզիկական բռնության դեպք լրագրողների և օպերատորների դեմ, երեք այլ ճնշումների, երկու տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտում։

Ա. Մելիքյանը խոսեց նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի խումբ պատգամավորների նախաձեռնության օրը, որը դեռ շրջանառության մեջ էր մտել նախորդ տարվանից։

«Այն ժամանակվանից ասում էինք, որ այնտեղ կան դրույթներ, որոնք հակասում են խոսքի ազատությանը, եվրոպական մոտեցումներին։ Խոսքն անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելքն էր։ Դա ուղղակի անթույատրելի արգելք է, նույն հետաքննող լրագրողների, լրագրողական ազատ գործունեության համար։ Անանուն  աղբյուրներից օգտվելը պարտադիր պայման է։ Այդ ժամանակ ականջալուր եղան օրենքի նախագծի հեղինակները, և դա փոխեցին չնույնականացվող բառով, որն, ըստ էության, նույն բանն է, մեծ տարբերություն չկա, բովանդակային առումում իմաստը չփոխվեց։ Միակ բանը, որ մեզ հաջողվեց, պնդելն էր, որպեսզի այդ նախագիծն ուղարկվեր Եվրոպայի խորհուրդ միջազգային փորձագետնների քննության։ Այս տարվա ընթացքում մենք ստացանք եզրակացություն, որը բացասական էր հատկապես այդ դրույթի վերաբերյալ։

Երկու-երեք օրվա  պատմություն ասեմ՝ օրինագծի հեղինակները, փաստորեն, այդ դրույթը վերափոխել են, այլ ձևակերպում են տվել, այդ արգելքը հանել են, լրագրողը, լրատվամիջոցը կարող է օգտվել ցանկացած աղբյուրներից, այդ թվում չնույնականացվող աղբյուրներից, բայց այն բովանդակությունը, որը տարածում է, մնում է  լրագրողի, լրատվամիջոցի պատասխանատվության վրա,  լրագրողը կամ լրատվամիջոցն ինքն է պատասխան տալիս այն տեղեկատվության համար, որը ինքը տրամադրել է հասարակությանը»,- ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահը։

Ինչ վերաբերում է վիրավորանքը, հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքին, Ա. Մելիքյանն ասաց, որ որևէ մեկը չի պատրաստվում պաշտպանել հայհոյողներին, բայց նաև պետք է ընդգծել, որ ծանր վիրավորանքի տակ շատ հաճախ կարող է ընկալվել սուր  խոսքը, սուր քննադատությունը. «Մենք գիտենք, որ հատկապես պաշտոնյաները, քաղաքական գործիչները քննադատությունն էլ են ընկալում որպես վիրավորանք, դիմում դատարաններ՝ հաշիվ մաքրելու համար։ Այս օրենքի վատը նաև այն է, որ խտրականություն է դրվում հասարակության տարբեր հատվածների միջև»։

Նրա կարծիքով, այս օրենքը կավելացնի ընդդեմ լրատվամիջոցերի ու լրագրողների դատական հայցերի հոսքը։

Ներկայացված տվյալներով, այս տարվա երրորդ եռամսկայում ԶԼՄ-ներին ճնշելու 20 դեպք է արձանագրվել, ֆիզիկական բռնության՝ 3 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 37 դեպք, որը, Ա. Մելիքյանի ներկայացմամբ, նկատելի աճել է։

Այս տարվա 9 ամսիների ընթացքում արձանագրվել է 18 ֆիզիկական բռնության դեպք,  լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 83 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 67 խախտում։

Ա. Մելիքյանը հայտնեց, որ դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է 15 նոր հայցեր ընդդեմ լրագրողների  և լրատվամիջոցերի, որոնց մեծ մասը ներկա և նախկին պաշտոնյաների ու պետական մարմինների կողմից է։ Այս տարվա 9 ամսում  48  նոր հայց է եղել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցերի, ինչը, նրա գնահատմամբ, շատ բարձր ու մտահոգիչ ցուցանիշ է։
 

Placeholder
Լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները հետադիմական են և մտահոգիչ. Աշոտ Մելիքյան