Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
16:04 23/10/2021
Հայաստան

Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին  նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:

Հիշեցնենք, որ այսօր  ավելի վաղ Ռիա նովոստի գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում, նաև՝ բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։

«2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում»,- մասնավորապես նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

Placeholder
Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են. ՀՀ ԱԳՆ