Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲԴԽ որոշում. դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշում է ընդունել՝ մերժեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության միջնորդությունը։ ԲԴԽ որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Առաջին ատյանի դատարանը, քննելով Ժ. Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։
Վերաքննիչ քրեական դատարանը, Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի սույն որոշումից հետո դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել։