Այս պահին թուրքը Սիսիանի վարչական տարածքում է. Արթուր Սարգսյան
Քաղաքական
13:06 26/10/2021
Հայաստան

Այս պահին թուրքը Սիսիանի վարչական տարածքում է. Արթուր Սարգսյան

«2020 թվականի դեկտեմբերի 5-ի մեր հայտարարությունից հետո, որ դեմ ենք իշխանություններին, վարչապետին, իմ և իմ ընկերների նկատմամբ սկսվեց քաղաքական հետապնդում, իմ ելույթի ժամանակ կհիմնավորեմ,  կտեսնեք, թե այդ ընթացքում ինչ պրոցեսներ են իրականացվել իմ նկատմամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն օրերս է ազատվել կալանքից և այսօր առաջին անգամ մասնակցում է ԱԺ նիստին: Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ դաշտոնեական լիազորությունները չարաշահելու  և Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով։  Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 16-ին, այնուհետև կալանավորվել: Նա վերջերս ազատ է արձակվել 20 մլն դրամի չափով գրավով:

Նա մանրամասներ չներկայացրեց իր դեմ հարուցված քրեական գործից ու ընթացքից՝ նշելով, որ դատավարական փուլում է, միայն ընդգծեց՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա գնահատմամբ,  քաղաքական հետապնդում է:

«2016-2021 թվականներին եղել եմ Սիսիան համայնքի ղեկավար, իրականացրել եմ մոտ 4 միլիարդի սուբվենցիոն և տարբեր ծրագրեր, կատարվել է 237 գնումների մրցույթ: Պետական վերահսկողության ծառայությունը, տարբեր կառույցներ ստուգել են ամբողջությամբ, մեկ լումայի խախտում չեն հայտնաբերել: Ինչպե՞ս է հնարավոր, որ  4 միլարդի  մեջ չհայտնաբերեցին խախտում, հենց  2016 թվականի դեկտեմբերի 10 միլիոնի մեջ 3 միլիոն հայտնաբերեցին: Դատավարական փուլը կավարտվի, կտեսնենք՝ արել ենք, թե ոչ»,- ասաց նա:

Արթուր Սարգսյանը նշեց, որ այս պահին թուրքը գտնվում Սիսիանի վարչական տարածքում՝ Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում:

«Մենք ասել ենք՝ այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա, նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա պատմեց, որ դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը գնացել է Գորիս, հրավիրել է Սյունիքի համայնքապետերին և հրահանգ է տվել՝ «մինչև վաղը ժամը 5-ը ձեզ բոլորիդ ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք». «Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։

Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։

Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք»:

Ըստ նրա, այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել՝ Գորիսի և Կապանի հատվածում։

«Գորիսի, Խնձորեսկի դիրքերից և Զանգեզուր-Կուբաթլուից լրիվ հետ են եկել այսօրվա այն դիրքերը, որտեղ մերոնք հիմա կանգնած են, ինչը նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ նշված չի եղել։ Բոլորդ էլ գիտեք, որ ասել են՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնան այնտեղ։ Հիմա այդ հատվածներում ադրբեջանական ուժեր են», - նշեց Արթուր Սարգսյանը:

Նա հայտնեց, որ վերջին ամիսներին անվտագության առումով Սյունիքում ոչինչ չի փոխվել, Սյունիքի սահմանների հետ կապված դեկտեմբերին ունեցած նույն մտահոգությունները կան:

Հարցին՝ առաջիկայում Կապանում կայանալու են քաղաքապետի ընտրություններ, արդյո՞ք կաջակցեն իրենք գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանին, ով կրկին առաջադրվելու է, նա պատասխանեց. «Գևորգ Փարսյանն իմ ընկերն է, և ասեմ, որ այս տարիների ընթացքում ինքը շատ-շատ գործեր է արել Կապան համայնքի համար, ես վստահ եմ, որ կապանցիները ճիշտ որոշում կկայացնեն և իրենց ձայնը կտան Փարսյան Գևորգին»:

Ճշտող հարցին` «Հայաստան» դաշինքն ու իրենց կուսակցությունը` «Վերածնվող Հայաստանը», կաջակցե՞ն Գ. Փարսյանին, Ա. Սարգսյանը նշեց. «Ճիշտն ասած` տեղյակ չեմ, ես որպես Փարսյան Գևորգի ընկեր, ես անձամբ իր կողքին եմ»:
 

Placeholder
Այս պահին թուրքը Սիսիանի վարչական տարածքում է. Արթուր Սարգսյան