«Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
Կրթություն, գիտություն
18:02 26/10/2021
Հայաստան

«Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

Ռազմական գործի լավագույն գիտակ, անհավանական ընդունակությունների տեր մարդ, Ազգային հերոսի կերպար: Այսպես են նկարագրում 39-ամյա փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանին, ով զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին:

Վահագնը ծնունդով Աբովյանից է: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ–ի պատմության ֆակուլտետ, համատեղ սովորել Վազգեն Սարգսյանի անվան պետական ռազմական ինստիտուտում։ Սովորել է նաև Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում։ Նա տիրապետում էր թուրքերեն և ադրբեջաներեն լեզուներին։
2007-ին անցել է ծառայության ՀՀ Զինված ուժերում։

Սկզբում հատուկ նշանակության ջոկատում դիպուկահար է եղել, հետո նախընտրել է հետախուզությունը:  Վահագնի հայրը՝ թուրքագետ Արամ Թումասյանը համոզված է, որ որդու մոտ ի ծնե են եղել հետախույզի հատկանշիները:

«Փոքր տարիքից  բնախույզ էր, ամեն ինչ պրպտում էր, ուզում էր էության մեջ թափանցել, գտնել պատճառները: Երբ հասունացավ, փնտրում էր պատճառահետևանքային կապը: Այդպես սիրեց հետախուզությունը: Ինքը դիպուկահար էր սկզբում հատուկ նշանակության ջոկատում, հետո նախընտրեց գնալ հետախուզություն: Հետախուզական աշխատանքի մեջ ավելի շատ իմաստ էր գտնում: Համակողմանի ուսումնասիրում էր թշնամուն, նրա հնարավորությունները, նաև մեր զինվածության մակարդակը: Այդ առումով ինքը շատ առաջադիմեց և հետախուզությունն իրեն շատ բան տվեց»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է  Ա. Թումասյանը, ով նույնպես եղել է հետախույզ:

Հետախույզները սովորաբար իրենց գործունեության մասին չեն բարձրաձայնում: Այդ կանոնին խստորեն հետևել է Վահագն Թումասյանը:

«Հետախույզները չեն ասում իրենց գաղտնիքները, քանի որ պետական գաղտնիք է, նրանք այնպիսի ինֆորմացիայի են տիրապետում, այնպիսի տեղեկատվության, որն ուղղակիորեն առնչվում է մեր հայրենիքի ճակատագրին, ուստի նա լուռ ու մունջ իր գործն էր կատարում», -ասում է հետախույզ հերոսի հայրը:

Վահագն Թումասյանը ռազմական գործողությունների ընթացքում փրկել է 82 զինվորականի կյանք. նա ճեղքել է թշնամու զորքն ու շրջափակումից հերթով հանել նրանց՝ նստեցրել «ՈւՐԱԼ»-ն ու դուրս բերել:

«Առաջինն իր ջոկատայիններից պատմեցին, ինչպես է գիշերով Հադրութից 82 հոգու շրջափակումից հանել: Միայն այդքանին չի փրկել, նաև իր ջոկատայիններին՝ 12 հոգու: Հետագայում ծանոթացա մարդկանց, ովքեր պատմեցին՝ իրենք էլ շնորհակալ են Վահագնին, նա է իրենց կյանքը փրկել»,- նշում է Արամ Թումասյանը:

Նա պատմում է, որ որդին զոհվել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ,  «Հայաստանի ազգային հերոս» Վահագն Ասատրյանի հետ թշնամու հրթիռակոծությունից: Ա. Թումասյանը նշում է՝ նրանց զոհվելու հանգամանքներն ու պատճառները մի քիչ մութ են, պետք է մանրամասն և խորությամբ ուսումնասիրվեն:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մեզ հետ զրուցում հիշեց Վահագն Թումասյանի ուսանողական տարիները՝ ներկայացնելով նրան առաջադիմությամբ օրինակելի ուսանող,  աչքի է ընկել իր կազմակերպչական ունակություններով, կուրսեցիները նրա նկատմամբ հատուկ հարգանք են ունեցել:

«Նա շարունակեց մագիստրատուրան՝ խորացնելու գիտահետազոտական աշխատանքը: Ռազմահայրենասիրական ոլորտում առանձնահատուկ դերակատարում ուներ: Մոսկվայում, Չինաստանում համակողմանի կրթություն էր ստացել, երկու դեպքում էլ գերազանց ավարտել: Փայլուն հետախույզ էր, հայրենասիրության փայլուն օրինակ: Առանձնանում էր բոլորից իր գիտական մակարդակով, կազմակերպչական ունակությամբ, կատարած հերոսական գործունեությամբ, որով աչքի ընկավ նաև վերջին պատերազմի օրերին: Յուրահատուկ նվիրում ուներ էր հայրենիքին, ժողովրդին:

Վահագնի մոտ հայրենասիրությունը ոչ միայն հողի ու ջրի նվիրվածությունն էր, այլ սեփական հայրենիքի անվտանգության, նաև սերունդների դաստիարակության կարևոր գործոնն էր: Ռազմական տաղանդավոր գործիչ էր, հմուտ մանկավարժ, և այդ երկուսը զուգակցում էր:  Ծնողներից էր հավանաբար ժառանգել, հորից, ով տաղանդավոր մանկավարժ և դասախոս էր, երկար տարիներ մեր ֆակուլտետում դասավանդում էր թուրքերեն»,- այսպես է ներկայացնում Էդիկ Մինասյանը Վահագն Թումասյանին:

Նա համոզված է, որ Վահագն Թումասյանին պետք է շնորհվի Ազգային հերոսի կոչում, քանի որ Վահագնի նման մարդիկ հազվագյուտ են:

Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

Հենց այսպիսի հերոսին, տաղանդավոր ու եզակի մարդուն է նվիրված երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակներից մեկը: 

Հիշեցնենք, որ  «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: Այս ուսումնական տարում ևս 5 նոր կրթամրցանակ է սահմանել. 4-ը՝ Երևանի Պետական համալսարանում, 1-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Դրանք նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամը և ԵՊՀ պատմության ֆակուլտետը հայտարարել է երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակ՝ նվիրված ղարաբաղյան երրորդ պատերազմի հերոս,  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանի հիշատակին։ Մրցանակը ենթադրում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի այն ուսանողին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ Առաջին մրցանակակիրն է 2-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Արզումանյանը: Կրթամրցանակի հովանավորները ֆրանսահայ բարերարներ Զապէլ Փեշտիմալճիանն ու Էլիան Գապարաճիանն են։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասաց, որ խոնարհվում է Վահագնի ծնողների առջև, ովքեր այսպիսի տղա են դաստիարակել, ով Ազգային հերոսի կերպար է:

Աստղիկ Արզումանյանի և մյուս երկու հավակնորդների համար Վահագն Թումասյանը հայրենասիրության ինքնատիպ օրինակ է: Նրանք նշում են, որ իրենց համար հայրենասիրությունը սկսվում է հայրենիքը ճանաչելուց և սիրելուց, խոստանում, որ ամենուր կպատմեն Վահագնի մասին, նաև նախաձեռնությամբ հանդես կգան՝ համալսարանում կսկսեն ստորագրահավաք՝ Վահագն Թումասյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու համար:

Նրանք համոզված են՝ Հայաստանին պետք են նոր վահագներ ու կլինեն, ուղղակի պետք է շատ խոսել Վահագնի ու նրա նման անմահ հերոսների սխրանքների, հերոսական գործունեության մասին ու մշտապես վառ պահել նրանց հիշատակը:

Placeholder
«Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին