Ուզում եմ հասկանալ վիճակագրական այս խառնիփնթոր իրավիճակը, ինչի հետևանք է, չտիրապետելո՞ւ.  Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին
Առողջություն
18:03 27/10/2021
Հայաստան

Ուզում եմ հասկանալ վիճակագրական այս խառնիփնթոր իրավիճակը, ինչի հետևանք է, չտիրապետելո՞ւ. Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին

«Ուսումնասիրել եմ պետական հաստատությունների հրապարակած մի շարք տվյալներ և պարզել, որ կան ակնհայտ հակասություններ: Պետական վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերի համաձայն  կորոնավիրուսից 3545 մարդ է մահացել 2020 թ.-ին, իսկ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալներով՝ 2828 մարդ, արդյունքում միայն 2020թ. թվականի երկու պետական կառույցների հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալներով 717 մահվան դեպքի տարբերություն է նկատվում»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պատգամավորի նշած վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվել են 2021 թվականին, արդեն իսկ բաց տվյալներ են, և տեղեկացրեց, որ  ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի նախարարության էլեկտրոնային համակարգում մուտք արված  դեպքերի և ԶԱԳՍ-երի կողմից արձանագրված մահերի տվյալների միջև տարբերությունների ամբողջական պատկերը:

Նախարարը խոստացավ, որ ուսումնասիրությունները ամփոփելուց հետո լրացուցիչ կպատասխանեն պատգամավորին

Թագուհի Թովմասյանը եզրակացրեց, որ վիճակագրությունը խճճված է և Հայաստանում չկա մահերի հստակ թիվ:

Արձանագրելով, որ նախարարի մամուլի քարտուղարը վերջերս հայտարարել էր, որ նախարարությունը հրապարակում է միայն հիվանդանոցների կովիդ -բաժանմունքների թվերը՝ պատգամավորը եզրակացրեց, որ հիվանդանոցների մյուս բաժանմունքներում կամ տանը մահացածները չեն հաշվառվում և ենթադրեց, որ այսօր հրապարակվող սահրմրկեցուցիչ թվերն իրականում ավելի մեծ են:

«Ուզում եմ հասկանալ վիճակագրական այս խառնիփնթոր իրավիճակը, ինչի հետևանք է, չտիրապետելո՞ւ, թե, այնուամենայնիվ միտումնավոր եք այս ամեն ինչը խճճել»,-հարցրեց  Թագուհի Թովմասյանը:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ խճճելու նպատակ չունեն, այլ կա հստակ վիճակագրություն, իսկ  էլեկտրոնային հաշվառման համակագը ներդրվել է փուլ առ փուլ, այդ պատճառով էլ հնարավոր է ինչ-որ բան այնտեղից դուրս մնացած լինի:

Նախարարը պնդեց, որ պատգամավորի հրապարակած թվերը փաստում են, որ որևէ բան դուրս չի մնացել հաշվառումից՝ նկատի ունենալով Վիճակագրական պետական կոմիտեի տվյալները:

Placeholder