Վրաստանի նախագահն ասել է, որ երբեք չի ներելու Սահակաշվիլիին
Քաղաքական
13:44 04/11/2021
Տարածաշրջան

Վրաստանի նախագահն ասել է, որ երբեք չի ներելու Սահակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք չի ներում շնորհելու երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին և չի պատրաստվում այլևս քննարկել այդ հարցը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը պարզ է և անփոփոխ. ոչ և երբեք... Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին», - ասել է նա ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:

Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում։

«Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անմեղ զոհի չափանիշներին, նա երկիր է ժամանել ինքնակամ և ապօրինի։ Նրա ժամանման նպատակն ապակայունացումն էր», - ասել է պետության ղեկավարը։

Միաժամանակ նա կոչ է արել արդարադատության նախարարությանը Սաակաշվիլիին համարել «հատուկ բանտարկյալ» և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի պատճառ չդառնա։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Placeholder
Վրաստանի նախագահն ասել է, որ երբեք չի ներելու Սահակաշվիլիին