Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացվի
Իրավունք
11:08 05/11/2021
Հայաստան

Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացվի

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղակայված Ընդհանուր իրավասության դատարան շենքի դիմաց բազմամարդ է։ Առավոտվանից այստեղ են նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի աջակիցները։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախորդ նիստի ընթացքում քննարկվել է Առուշանյանի տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելքի սահմանփակման իրավաչափության հարցը։

«Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ այդ սահմանափակումներն ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվեն։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել էինք, այսօր դատական նիստի մեկնարկին իր դիրքորոշումը կներկայացնի դատախազը»,-ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով, դրանից հետո մտնելու են բուն դատաքննության փուլ, կընթերցվի մեղադրական եզրակացությունը, կորոշեն ապացույցների հետազոտման կարգը։

«Պաշտպանության կողմն ունի իր դիրքորոշումը, թե ինչ ապացույցների հետազոտումից պետք է սկսել, այս պահին չեմ ուզում մանրամասներ հայտնել։ Պաշտպանության կողմը պատրաստվում է  ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ»,-ասաց Ալեքսանյանը։

Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն Գորիսում են՝ իրենց աջակցությունը հայտնելու Առուշանյանին, պատրաստ են նաև անձնական երաշխավորությունը տալ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար։

Պաշտպանն ասաց՝ դրական են տրամադրված, հույս ունի, որ դատարանը կգտնվի իր բարձունքում և խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում կդրսևորի բացառապես օբյեկտիվություն ու կիրականացնի արդարադատություն։

 

Placeholder
Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացվի