Պեսկով․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ շփումներ չեն նախատեսվում
Քաղաքական
15:32 09/11/2021
Աշխարհ

Պեսկով․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ շփումներ չեն նախատեսվում

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման մեկամյակի կապակցությամբ շփումներ չեն նախատեսվում։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսօր այս առումով շփումներ չեն նախատեսվում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երեք երկրների ղեկավարների միջև պլանավորվում են շփումներ՝ համաձայնագրերի ընդունման մեկամյակի կապակցությամբ։

Նա մանրամասնել է, որ Մոսկվայի՝ Բաքվի և Երևանի հետ հաղորդակցությունը տեղի է ունենում տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր կերպով։

«Ինչ վերաբերում է երեքի հաղորդակցությանը, եթե մի օր նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Ներկայումս կոնկրետ փոխըմբռնում չկա»,- հավելել է Պեսկովը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից մեկ տարի առաջ ստորագրված Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը չափազանց կարևոր են Երևանի և Բաքվի համար, և այդ փաստաթղթերի նշանակությունը դժվար թե կարելի է գերագնահատել։

«Մենք գնահատում ենք մեկ տարի առաջվա փաստաթղթերը չափազանց կարևոր՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար՝ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տվել դադարեցնել պատերազմը և բռնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ուղին: Դուք գիտեք, որ ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները՝ ապահովելով անվտանգությունը, վերահսկում են հրադադարի ռեժիմը, փախստականների վերադարձի գործընթացը։ Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը, իհարկե, դժվար է գերագնահատել»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ օրերս Պեսկովը հայտարարել էր, թե այս շաբաթ նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպում։ Այն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին, թե այն նվիրված է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցրած եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկամյակին։

Նախօրեին էլ Պեսկովը հայտարարեց, որ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպում է նախապատրաստվում, բայց ստույգ պայմանավորվածություններ չկան։

 

 

Placeholder
Պեսկով․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ շփումներ չեն նախատեսվում