Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
ԵՄ․ Շատ առկախ հարցեր դեռ պետք է լուծվեն՝ ԼՂ հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման համար
Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ կապված Արցախում պատերազմի ավարտի մեկամյակի հետ։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն ցավում է այս ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորուստների համար և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։
«Թեև ռազմական գործողությունները դադարել են, շատ առկախ հարցեր դեռ պետք է լուծվեն՝ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը շարժվելու համար: Մենք, մասնավորապես, կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, ականազերծման հարցում լիակատար համագործակցություն իրականացնել ու սահմանամերձ շրջաններում թուլացնել լարվածությունը։
ԵՄ-ն հավատարիմ է մնում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի խթանմանը և ակտիվորեն մասնակցում է խաղաղության կառուցմանը և հետհակամարտային վերականգնմանը: Այն կարևոր դեր է խաղացել բանտարկյալների ազատ արձակման և ականապատ դաշտերի քարտեզների հանձնման գործում։ ԵՄ-ն նաև աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց՝ տրամադրելով ավելի քան 17 միլիոն եվրո մարդասիրական օգնություն, ներառյալ ականազերծման և վաղաժամ վերականգնման համար: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել սահմանային դեէսկալացիային և սահմանազատմանը` տրամադրելով տեխնիկական աջակցություն, ինչպես անհրաժեշտ է կողմերին, և խրախուսում է կապվածությունն ու Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության վերաբացումը:
Նայելով առաջ՝ համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է՝ վերջ դնելու ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտություններին ու տառապանքներին։ Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն կշարունակի ակտիվ կապի մեջ լինել համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիովին աջակցում է նրանց՝ իրենց մանդատն իրականացնելու հարցում՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ բոլոր առաջնահերթ խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։