«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է
Առողջություն
12:24 12/11/2021
Հայաստան

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Գ. Տեր-Պետրոսյանին պատկանող «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից ու մանրամասնում, որ չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները՝ ներառյալ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար:

Այս կենտրոնի՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Հիշեցնենք, որ այս կենտրոն հաճախող 10 երեխա սննդային թունավորման կասկածանքով հիվանդանոց էր տեղափոխվել։ Ահազանգը ստանալուն պես ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ էին սկսել։

Կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից վերցվել են նմուշներ՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության։ Արդյունքները դեռ չկան։

 

Placeholder
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է