ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպումների հարցը
Քաղաքական
10:14 13/11/2021
Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպումների հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են առաջիկայում տարածաշրջան այցելելու հարցը։ Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահների  հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղի է ունեցել համանախագահների և երկու արտգործնախարարների համատեղ հանդիպում, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսած քննարկումները հնարավոր դեէսկալացիոն միջոցների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում այս ձևաչափով ապագա հանդիպումներն ու համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։

Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Միջնորդները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը՝ այդ թվում, «կալանավորվածների վերադարձի, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական և մշակութային վայրերի պահպանության հարցերում»։

Նրանք կողմերին կոչ են արել ապահովել անարգել մուտք միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար։

Համանախագահները նաև ընդգծել են հրահրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը։

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց շարունակական ջանքերը, որոնք միտված են օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող հարցերի համապարփակ լուծումներ։

Placeholder