«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները
Քաղաքական
10:24 16/11/2021
Հայաստան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները

«Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է օգտվելով իր սահմանադրական իրավունքներից՝ ԱԺ օրակարգ բերել  և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա հայտնեց, որ ընդդիմությունը կառավարությունից պահանջում էր բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, քանի որ այս ամենը կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը չարաշահելով իր լիազորություններն ապօրինաբար խոչընդոտել է այդ նախաձեռնությանը:

«Ավելին՝ իրավական ամենաթողության պայմաններում  կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած Սյունքի պատգամավոր Արթուր Սարգսյանը: Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին»,-հայտարարեց Օհանյանը

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնեց ,որ խորհրդարանկան ընդդիմությունը պահանջել էր արտահերթ նիստ, որպեսզի ստանան սահմանին կատարվողի բացատրությունները, որը իշխանական մեծամասնությունը մերժել է:

Նկատելով, որ ստեղծված իրավիճակում ԱԺ օրակարգում սնդիկի վերաբերյալ օրենքի բովանդակությամբ հարցեր են՝ Մամիջանյանը հայտարարեց. ««Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա ԱԺ դահլիճ, եթե մեր երկրի առաջ ծառացած խնդիրենը քննարկվեն ըստ կարևորության և օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»:
 

Placeholder
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները