Կարին Տոնոյանը խնդրանքով դիմեց ԱԺ ընդդիմադիր և իշխանական խմբակցություններին
Քաղաքական
17:37 25/11/2021
Հայաստան

Կարին Տոնոյանը խնդրանքով դիմեց ԱԺ ընդդիմադիր և իշխանական խմբակցություններին

«Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ներկաներին հիշեցրեց ԱԺ-ի հոկտեմբերի 26-ի նիստում չընդունված ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի մասին:

Նա նշեց, որ նախագծով ի թիվս այլ հարցերի առաջարկվում էր՝ ԱԺ-ն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020-ի սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը և Ադրբեջանի ԶՈւ-ից կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը:

Տոնոյանի ներկայացմամբ՝ նախագծով նաև առաջարկվում էր, որ ԱԺ-ն հայտարարի՝ առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև ՀՀ գերագույն խորհրդի 1992-ի հուլիսի 8-ի որոշմամբ՝ ըստ որի ՀՀ-ն հետևողականորեն սատար է կանգնում Արցախի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:

Նախագծում նշվում էր, որ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որում Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

«5165» շարժման առաջնորդը հայտարարեց, որ փաստաթղթին ծանոթանալուց հետո, իր մոտ հույսի նշույլ էր առաջացել՝ եթե այն հաստատվի, ապա հայկական պետությունները ապահովագրված կլինեն բազմաթիվ վտանգներից:

Ըստ Տոնոյանի՝ այդ հայտարարությունը վերքաղաքական էր, որը վերաբերում էր ՀՀ և ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու շահին և չէր պատկերացնում, որ կգտնվեն մարդիկ, որոնք դեմ կլինեն դրան, բայց նմանները եղան։

Նա հիշեցրեց, որ հայտարարությունը չի ընդունվել, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը»  խմբակցությունը նշել էր՝ նախագծի մշակմանը չի մասնակցել:

Բանախոսը հիշեցրեց նաև խորհրդարանական մեծամասնության մյուս հիմնավորումը, թե հայտարարության բովանդակության մեջ ընդդիմադիր քաղաքական ենթատեքստ կա:

Տոնոյանը հարց ուղղեց ՔՊ-ին՝ համազված լինելով, որ ուշադիր լսում են իրեն. «Նախագծի շրջանառումից անցել է մեկ ամիս, ինչը, կարծում եմ, բավարար ժամանակահատված էր՝ ձեր նկատած ենթատեքստերը շտկելու, առաջարկներ ներկայացնելու համար: Դուք այս ուղղությամբ  քայլեր ձեռնարկե՞լ եք»:

Նա դիմեց նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ ասելով, որ սահմանազատման և սահմանագծման գործում փաստաթղթի դերը մեծ, հայտարարությունն այդ հարցում կարող է կարևորագույն համախմբում ապահովել, և խնդրեց, կոչ արեց նախագծի տեքստից հանել ընդդիմադիր ենթատեքստը և հասնել նրան, որ այն ընդունվի:

Կարին Տոնոյանը ԱԺ ամբիոնից քաղաքացիներին կոչ արեց կրկին միանալ Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ չնայած անբարենպաստ եղանակին:

«Միացեք մեր կազմակերպած հանրահավաքին՝ մեկ անգամ ևս ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը դեմ է, չի վստահում այդ բանակցություններում մեզ ներկայացնողներին, այդ իրավունքը նրան չի տալիս»,- խոսքն ամփոփեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:
 

Placeholder