Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն ամրապնդել կապերը, ոչ թե քանդել դրանք․ Պուտին
Քաղաքական
18:45 26/11/2021
Աշխարհ

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն ամրապնդել կապերը, ոչ թե քանդել դրանք․ Պուտին

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սոչիում սկսել են եռակողմ բանակցությունները։ Բանակացությունները ներկայացնում է ՏԱՍՍ-ը՝ ուղիղ հեռարձակոմամբ։

«Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ արձագանքեցիք հրավերս և եկաք Ռուսաստան՝ ամփոփելու այն աշխատանքները, որոնք կատարվել են մեկ տարվա ընթացքում՝ անցյալ տարի եռակողմ հայտարարության ընդունումից հետո։ Դրանից հետո մենք այս տարվա հունվարին հաստատեցինք մեր պայմանավորվածությունները՝ զինադադար և բնականոն կյանքի վերականգնում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

«Այս ընթացքում իսկապես շատ բան է արվել։ Ցավոք, դեռ ոչ բոլոր հարցերն են կարգավորվել։ Ես գիտեմ սահմանին տեղի ունեցած միջադեպերի և ողբերգական դեպքերի մասին, երբ երկու կողմից էլ մարդիկ են զոհվում և վիրավորվում։ Այս ամենը մեր կողմից պահանջում է հատուկ ուշադրություն։ Հավաքվել ենք՝ հետագայում նմանատիպ միջադեպերից խուսափելու համար»,- ասել է նա և շարունակել․

«Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում շատ բան է արվել։ Նախ՝ լայնածավալ ռազմական գործողություններ չեն կատարվում, ինչն ինքնին շատ լավ է։ Այս ընթացքում և մեր կողմի աջակցությամբ մեծ աշխատանք է իրականացվել փախստականների վերադարձի հետ կապված։ Շուրջ 53 հազար մարդ արդեն վերադարձել են մշտական բնակության վայրեր»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Պուտինի խոսքով՝ պայմաններ են ստեղծվում մարդկանց նորմալ, խաղաղ կյանքի համար։

Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշումներ ընդունել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

«Ինձ թվում է, որ սա է մեր բոլոր ջանքերի նպատակը՝ ստեղծել պայմաններ տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան, նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, տնտեսությունը զարգացնեն։ Եվ այս ամենը պետք է առավելագույնս բարենպաստ ազդեցություն ունենա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- ասել է նա։

ՌԴ նախագահն ընդգծել է՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն կապերն ամրապնդել, այլ ոչ թե քանդել դրանք։

Placeholder
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն ամրապնդել կապերը, ոչ թե քանդել դրանք․ Պուտին