Լոնդոնում նշել են Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի հոբելյանները
Մշակույթ
14:24 30/11/2021
Հայաստան

Լոնդոնում նշել են Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի հոբելյանները

Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում նոյեմբերի 27-ին անցկացվել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին:

Սպենդիարյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի փոխանցմամբ,  միջոցառումը կայացել է «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Օրվա բանախոսներն էին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և բազմակողմանի երաժշտական գործիչ Սիփան Օլահը: Մ. Օթարյանը ներկայացրել է դասախոսություն Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության,  իսկ Ս. Օլահը՝ Բաբաջանյանի կյանքի ուղու և գործունեության մասին։
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենը շնորհակալագիր է հանձնել  Ս. Օլահին՝ կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Համերգային բաժնում միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, «Քլինգեն» երգչախմբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և մաեստրո Սիփան Օլահ) կատարմամբ հնչել են այս երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ելույթ  են ունեցել սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը (Գերմանիա) և Հայարփի Եղիկյանը (ՄԹ), դաշնակահար Մարիա Փալազյանը (Լիբանան), հոբոյահար Հակոբ Մուրադյանը (ՄԹ), «Քլինգեն» լարային քառյակը՝ ջութակահարներ Պաուլա Գորբանովան (Լիտվա) և Մալենա Ջիմենոն (Իսպանիա), ալտահար Ադրիան Տիերասեկան (Իսպանիա) և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը (ՄԹ), իսկ Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը կատարեց Ա. Բաբաջանյանի երգերը:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել  կազմակերպիչներին և հյուրերին` նշելով նման միջոցառումների կարևորությունը ՄԹ ժողովրդին հայկական հարուստ երաժշտական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու գործում:
 

Placeholder
Լոնդոնում նշել են Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի հոբելյանները