Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Կրթություն, գիտություն
17:49 01/12/2021
Հայաստան

Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում

1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը շուտով կվերածնվի` որպես Թումո կենտրոն: Հավատարիմ մնալով իր մոտեցումներին` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծրագիրը չշահագործվող, սակայն պատմական արժեք ունեցող շենքերում:

«Խորհրդանշական է, որ կենտրոնը կառուցվելու է ճարտարապետական արժեք և հատուկ պատմություն ունեցող շենքում: Իհարկե, շատ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը, սակայն շատ կարևոր է մեզ ժառանգություն հասած հին կառույցին նոր ոգի, նոր կյանք տալը»,- նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Կենտրոնից հայտնում են, որ շենքի վերակառուցման ու նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2023 թվականին, ինչից հետո կենտրոնն իր դռները կբացի Կապանում ու հարևան համայնքներում բնակվող ավելի քան 1000 պատանիների առջև:

Թումոյի կրթական ծրագիրը կհասնի Սյունիք մինչ շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը․ մոտակա շաբաթներին Կապանում տեղադրվելու է Թումո տուփ, որը կենտրոնի շահագործումից հետո կտեղափոխվի մարզի այլ համայնք:
 

Placeholder
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում