Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրական անհամապատասխանությունը նաև դատախազությունը կուսումնասիրի
«Նոր հայտնաբերված «Օմիկրոն» շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են անցկացվում, որպեսզի հասկանանք, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք և արդյոք պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի, եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում տեղի ունենա նոր շտամի վարակելիության առումով, միևնույնն է՝ տվյալ հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում է մնալ հիվանդության դեմ պայքարի ամենարդյունավետ և միակ միջոցը:
Ավանեսյանը շեշտեց, որ պատվաստման արդյունավետության որոշ նվազման մտահոգությունը կար նաև «Դելտա» շտամի դեպքում, բայց , միևնույնն է, դրանք փրկում են մարդկանց կյանքերը:
«Տոկոսային առումով արդեն իսկ մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 %-ը ստացել է առաջին դեղաչափը և ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 23.9 %-ը»,-հայտնեց Ավանեսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հիվանդացության առումով գրանցվել է նվազում, նշելով, որ այսօր արձանագրվել է 558 նոր դրական դեպք՝ 9013 թեստավորման դեպքում և գրանցվել է 21 մահ:
«Կա 12465 ակտիվ դեպք, դրանց մեջ պատվաստված քաղաքացիների թիվը 1068-ն է (8.6%) և 2349 հոսպիտալացվածներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է»,-նշեց Ավանեսյանը:
Պատասխանելով Փաշինյանի հարցին՝ Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ՀՀ վիճակագրական կոմիտեի և «Արմմեդ» համակարգի տարբերությունը պարզելու ուսումնասիրությունը շարունակվում է և ավարտից հետո կներկայացվի արդյունքները:
Նախարարը հայտնեց, որ «Արմեդ» համակարգը որոշ մահվան տվյալներ չի ներառել իր վիճակագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ծառայողական քննության ավարտից հետո էլ հանձնարարաել է, որ գործն ուղարկվի դատախազություն, որպեսզի եթե կա չարամտություն՝ մեղավորները պատժվեն, եթե տեխնիկական է խնդիրը, ապա դրանք վերացվեն:
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը հավելեց, որ Հայաստանում ծնունդների, մահերի վիճակագրությաունը իրականացվում է միջազգային մեթոդաբանությամբ և այն լիազոր մարմնի՝ Արդարադատության նախաարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է:
Վիճակագրական կոմիտեի նախագահն այտնեց, որ քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինները մահվան ակտը գրանցելիս նշում է նաև դրա պատճառները: