Ամանորյա ո՞ր խաղալիքներն են վտանգավոր առողջության համար
Աշխարհում
18:34 04/12/2021
Աշխարհ

Ամանորյա ո՞ր խաղալիքներն են վտանգավոր առողջության համար

Անորակ ամանորյա խաղալիքներն ու զարդերը կարող են առաջացնել քիմիական թունավորում, ինչպես նաև ուժեղ ալերգիկ ռեակցիա, ուստի դրանք ընտրելիս պետք է հանգամանալից ուսումնասիրել արտադրանքի բաղադրությունը և ուշադրություն դարձնել արտադրանքից բխող հոտին: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են հարցված բժիշկները:

«Տոնածառի զարդեր արտադրողները կարող են օգտագործել թունավոր նյութեր, մինչդեռ նրանց արտադրանքը կանցնի որակի նշանի տակ, եթե այդպիսի թույները չգերազանցեն թույլատրելի կոնցենտրացիան: Սակայն այս դեպքում մարդու օրգանիզմում նման նյութերի կուտակման վտանգը կա: Ամենամեծ վտանգը, իհարկե, պլաստիկ խաղալիքներն են»,- ասում է թերապևտ Թիմուր Ասանովը։

Ըստ նրա՝ անորակ հումքից պատրաստված պլաստմասայից արտադրանքը, ինչպես նաև դրանց ստեղծման ժամանակ տեխնոլոգիայի խախտումը հաճախ հանգեցնում եթունավոր նյութերի արտանետման, որն առաջացնում է քիմիական թունավորումներ և ծանր ալերգիկ ռեակցիաներ։

«Ի վերջո, քչերը կարող են ընդունել այն միտքը, որ փայլերով ցողված  ձնեմարդը, կամ ամենայն բարիք մաղթելով երգող ձյան փաթիլը  կարող են  թունավորել»,- հավելել է  Ասանովը։

Նրա խոսքով՝ ամանորյա զարդարանք ընտրելիս առողջությանը չվնասելու համար պետք է պահպանել մի քանի կանոն: Օրինակ՝ ուշադրություն դարձրեք ապրանքից արտազատվող հոտին։

«Պլաստիկ զարդերը չպետք է սուր հոտ ունենան, նման ապրանքը չարժե գնել, որքան էլ գայթակղիչ լինի գինը: Կարևոր է ուսումնասիրել խաղալիքի բաղադրությունը: Եվ եթե արտադրողը սահմանափակվել է «պլաստմասա» բառով, ապա ավելի խելամիտ կլինի հրաժարվել նման խաղալիքի գնումներից»,-նշել է մասնագետը։

Ասանովը խորհուրդ է տվել լուսային դրասանգազարդերը(գիրլյանդա) գնել միայն մասնագիտացված խանութից, դրանք չպետք է տաքանան, լարերը պետք է ամուր լինեն։

«Երբ միացնում եք դրասանգազարդերը և նրանք սկսում է ուժեղ քիմիական հոտ արձակել, անմիջապես անջատեք այն և հրաժարվեք հետագա օգտագործումից»,-խորհուրդ է տվել բժիշկը։

Ասանովը նշել է, որ անվտանգ ամանորյա խաղալիքների որոնումը կարելի է դադարեցնել արդեն իսկ սեփական տան պատերի ներսում, քանի որ յուրաքանչյուրը կարող է գեղեցիկ խաղալիքներ պատրաստել Ամանորի ծառի համար գործվածքից, ուլունքներից, թելերից, փայլաթիթեղից կամ թղթից։

Իր հերթին մանկաբույժ Դենիս Անտրոպովը նշել է, որ փոքր երեխա ունեցողների համար ապակե խաղալիքներ ընտրելիս պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել։

«Ապակին վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ դուք կարող եք կտրել  ձեր մատները: Շատ ավելի վտանգավոր է կոտրված ապակու կտորը կուլ տալը: Ավելի լավ լինի, եթե խաղալիքն բարձրորակ պլաստիկից լինի: Ուշադրություն դարձրեք տոնածառի զարդարանքների տեսքին: Նրանք պետք է լինեն միատարր՝ առանց ուլունքների, ապակյա զարդերի և այլ մանր դետալներով դեկորացիաների»,-ասել է Անտրոպովը՝ նշելով, որ, եթե խաղալիքը ձեռքերի վրա ներկի կամ փայլի հետք է թողնում, ավելի լավ է հրաժարվել գնումից։

Բացի այդ, բժիշկը շեշտել է, որ եթե տանը փոքր երեխա կա, տոնածառի ստորին շերտը պետք է զերծ մնա խաղալիքներից։

«Տոնածառի վրա դրասանգազարդեր և այլ լուսավորող տարրեր կախելիս համոզվեք, որ դրանք անհասանելի են երեխայի համար: Երեխաների հետաքրքրասիրությունն ու փափագը այն ամենի նկատմամբ, ինչը լուսավոր է և շողշողացող, հաճախ հանգեցնում է նրան, որ երեխաները վառվող լույսերը մտցնում են իրենց բերանը»,-եզրափակել է անտրոպովը:
 

Placeholder
Ամանորյա ո՞ր խաղալիքներն են վտանգավոր առողջության համար