Ռուս դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը համերգով հանդես կգա «Տաղարան» համույթի հետ
Մշակույթ
12:09 07/12/2021
Հայաստան

Ռուս դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը համերգով հանդես կգա «Տաղարան» համույթի հետ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 8-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգով:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ց հայտնում են, որ համերգի շրջանակում համույթի հետ առաջին անգամ ելույթ կունենա ռուս ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը։

Համերգին որպես մենակատարներ հանդես կգան նաև ջութակահար Քրիստինե Չթչյանը և թավջութակահար Հովիկ Օգանեզովը։ Ծրագրում Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն են։
Ալեքսանդր Յակովլևը ռուսական դաշնամուրային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է։ Շոպեն ամսագիրը բարձր է գնահատել նրա տաղանդը՝ անվանելով նրան մեր սերնդի ամենախոստումնալից երաժիշտներից մեկը։

Յակովլևը այնպիսի միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպիսիք են՝ Շնաբելի, Շոպենի անվան մրցույթները, Compositores de Espana-ն, Parnassos-ը և այլն։

Ճապոնական Chopin Magazine-ը նշում է, որ Յակովլևն ունի յուրահատուկ ոճ, որի հիմքում ընկած է կոմպոզիտորների ստեղծագործությունների խորը ընկալումը:
Իսպանական El Pais-ը գրում է, որ նրա նվագին բնորոշ կրքոտ խառնվածքն ու խորը հոգեբանությունը թույլ են տալիս ունկնդրին պահել լարված ուշադրության մեջ։

Ռուսական АИФ-ը նրան անվանել է հազար ու մի ոճի դաշնակահար։

Ալեքսանդր Յակովլևը համերգային ակտիվ գործունեություն է ծավալում Ռուսաստանում և արտերկրում՝ հանդես գալով Նյու Յորքի Քարնեգի հոլում, Ժնևի Վիկտորիա հոլում, Ֆրանկֆուրտի Alte Oper-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում, Բարսելոնայի ազգային պալատում, Մարիինյան թատրոնում և այլուր։ Ելույթ է ունեցել բազում ճանաչված նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Բեռլինի և Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, միլանական I Pomeriggi Musicali և այլ կոլեկտիվներ։

Placeholder
Ռուս դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը համերգով հանդես կգա «Տաղարան» համույթի հետ