Կիկաբիձեն տեսակցել է Սաակաշվիլիին
Քաղաքական
15:10 11/12/2021
Տարածաշրջան

Կիկաբիձեն տեսակցել է Սաակաշվիլիին

Վրաց հայտնի երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հանդիպել է անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ և հայտարարել, որ քաղաքական գործիչն իրեն լավ չի զգում, բայց հոգով կոտրված չէ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

Սաակաշվիլին գտնվում է Գորիի հոսպիտալում, որտեղ նա բուժվում է բանտում 50-օրյա հացադուլից հետո։

«Նա լավ չէ, այստեղ այլ հարցեր չկան, դա երևում է նրա աչքերից: Նա ինձ թեյ հյուրասիրեց և ամեն ինչ մանրամասն պատմեց… մենք նաև քննարկեցինք, թե ինչպես է անցել իմ և Զելենսկիի հանդիպումը: Ես ասել եմ նրան, որ Սահակաշվիլին ձեր քաղաքացին է, և դուք պետք է նրան տանեք, այլապես նրան այստեղ կսպանեն, ինչին նա պատասխանել է, որ այսօրվանից կսկսի զբաղվել այդ հարցերով։ Դրանից հետո Ուկրաինայի հանրային պաշտպանը ժամանել է Թբիլիսի, ապա արդեն փաստաբանը»,- լրագրողներին ասել է Կիկաբիձեն։

Արտիստի խոսքով՝ «պարզվում է, որ Լեհաստանը հայտարարել է՝ պատրաստ է ընդունել Սաակաշվիլիին ու հոգ տանել նրա մասին»։

Կիկաբիձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումից»: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա կուսակցության ցուցակում առաջինն է եղել։

 

 

Placeholder
Կիկաբիձեն տեսակցել է Սաակաշվիլիին