Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը դեռևս անհասցե է
Մշակույթ
17:58 21/12/2021
ԼՂՀ

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը դեռևս անհասցե է

Ընթացիկ տարում մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերով` աջակցություն է ցուցաբերվել Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Աստղաշենի, Մարտակերտի արվեստի դպրոցներին` ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթին դպրոցների սաների մասնակցության ապահովման համար: Կարողացել ենք որոշ գույքային համալրումներ կատարել մշակույթի տարբեր համույթներում և 2022թ. շարունակելու ենք»,- նշել է նա։ 

 Լուսինե Ղարախանյանի խոսքով, «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրի շրջանակներում արվեստի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել:

«Կարողացել ենք պահել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը թեպետ դեռևս շրջիկ է և անհասցե, բայց շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքը:

Թանգարանային գործի զարգացման շրջանակներում ևս աշխատանքներ ենք իրականացրել:

Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագրերով, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, զգալի աշխատանքներ են տարվել, հատկապես` ազգային արժեքների կողմնորոշման, ամրապնդման առումով: Արժևորում եմ նաև գորգերի ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցել են նաև Հադրութի արվեստի դպրոցի աշակերտները»,- նշել է Լ. Ղարախանյանը:

 

Placeholder