Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը, իսկ Հայկ Մարությանը ուրախալի լուր հայտնեց
Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը քվորում չլինելու պատճառով 30 րոպե ընդմիջվեց:
«Ինձ հայտնեցին, որ այս պահին քվորում չկա, ուստի մենք պետք է կես ժամ ընդմիջում հայտարարենք, մինչև բոլորը կհավաքվեն: Կես ժամից եթե քվորում եղավ, նիստը կսկսենք, եթե ոչ, նիստը կհայտարարենք չկայացած»,- հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Սակայն մինչև ընդմիջումը նա ասաց, որ ուզում է երևանցիներին ուրախալի լուր հայտնել:
«Այսօր արդեն հայտարարվել է 280 վերելակի մրցույթ»,- ասաց Մարությանը:
Այնուհետև նա թվարկեց, թե վերելակի ձեռքբերման քանի մրցույթ են հայտարարել, արդեն քանի նոր վերելակ են տեղադրել:
«Փաստացի, 2022 թվականին Երևանում կունենանք լրիվ նոր 1000 վերելակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավագանիում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածելով՝ տեղեկացնելով, որ այսօրվա նիստին չեն մասնակցելու.
«Հարգելի երևանցիներ,
հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»: