«Մենուան հասավ իր երազանքին…». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը 35 տարեկան է
Օրվա թեմա
11:25 23/12/2021
Հայաստան

«Մենուան հասավ իր երազանքին…». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը 35 տարեկան է

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում դեկտեմբերի 22-ին կայացել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի 35-ամյակին նվիրված հուշ-երեկո՝ մտերմիկ հանդիպում «Հավերժ հայ ասպետի»՝ Մենուա Հովհաննիսյանի հետ:

35 տարի առաջ հենց այդ օրն է լույս աշխարհ եկել  Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը:

2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Քեռու ջոկատի կազմում, որպես 3-րդ դասակի հրամանատար, Մենուան մեկնել է Արցախ։ Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։ Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի հետ մեկժամյա քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցրել՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտերիի ժամանակ զոհվել է նաև Մենուան։

2020 թվականի հոկտեմբերի 21-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մենուա Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը։

«Երբ Մենուան վերադառնում էր ռազմական վարժանքներից, աչքերը փայլում էին: Իմ տղան երջանիկ էր՝ զենքը ձեռքին: Դա նրա Խաչն էր: Երբ բոթը լսելուց օրեր անց կարողացա խոսել, առաջին նախադասությունը, որ ասացի, սա էր՝ Մենուան հասավ իր երազանքին…

Մենուան հրամանատար էր ու կրակն իր վրա է վերցրել, որ փրկի իր զինվորների կյանքը: Ասում են՝ կռվել է կատաղի, կռվել է մինչև վերջին շունչը՝ հնարավորություն տալով զինակիցներին փրկվել:...

Մենուան արծիվ էր սիրում: ... Մենուայի արծվենի վերադարձը կձգվի դարեր: Ամեն նոր սերունդ կբարձրանա նրա հետ, կարիանա, կճախրի: Արծիվ Մենուան ու նրա նման քաջերը մեզ թույլ չեն տա պարտվել»,- «Հայ զինվորի» հետ զրույցում ասել է Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ 

Placeholder